ՄԱԿ-ը դատապարտել է զինված խմբերի անօրինական գործողություններն Ուկրաինայի արևելքում

23:59 • 07.07.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել «բոլոր հնարավոր քայլերը» Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում բնակչության պաշտպանության համար: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` հրապարակված հայտարարությամբ Պան Գի Մունը նաև դատապարտել է «զինված խմբերի անօրինաբար շարունակվող գործողությունները»:


Միևնույն ժամանակ` Պան Գի Մունն ընդգծել է, որ «միայն ռազմական միջոցներով» հնարավոր չէ կարգավորել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: «Կենսական կարևորություն ունի քաղաքական և դիվանագիտական գործընթացի շարունակությունը, որն ուղղված կլինի բռնության վերջնական դադարեցմանը և ճգնաժամի խաղաղ կարգավորմանը», - նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:


Ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերին հիշեցրել է բռնությունից խուսափելու անհրաժեշտության մասին: