Կառավարության քայլերը ժամանակին էին և տեղին և, իհարկե, ոչ բավարար. Արտեմ Ասատրյան

12:36 • 08.07.14

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարծում է, որ Կառավարությունը շատ արագ արձագանքեց էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ 105.000 ընտանիքին շուրջ 1000 դրամով աջակցություն ցուցաբերելով:


«Կարծում եմ՝ կառավարության քայլերը ժամանակին էին, տեղին, իսկ բավարարելու առումով, իհարկե, միշտ ցանկացած աջակցություն ոչ բավարար է»,– այսօր՝ Գործատուների միության հերթական երրորդ համագումարի ժամանակ, ասաց նա:


Նախարարը նշեց, որ ներկայացվել են տվյալներ, թե էլեկտրաէներգիայի թանկացումը յուրաքանչյուր տնային տնտեսության վրա որքանով է ազդելու, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ազդեցությունը կարող է անդրադառնալ ընդհանուր սպառման կրճատմանը կամ խնայողական ռեժիմի անցմանը, բնական է, որ Կառավարությունն առաջնահերթ պետք է արձագանքեր սոցիալապես անապահով ընտանքիների եկամուտների ավելացման խնդրին:


Նրա խոսքով՝ աջակցությունը կտրամադրվի 105.000 ընտանիքի, այսինքն՝ շուրջ 400.000 անձանց: Բացի այդ, նա հիշեցրեց, որ հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացումը ևս էական օգնություն է ընտանիքներին։


«Յուրաքանչյուր ընտանիքի կենսամակարդակի բարձրացումը առաջնային խնդիր է, և այդ բարձրացումը ապահովելու համար Կառավարության առաջնային խնդիրներն անապահով ընտանիքներին օգնելն է և սոցիալական տարբեր նպաստների չափը բարձրացնելը»,- նշեց նա:

Tert.am-ի հարցին, որ չե՞ք կարծում, որ ամեն դեպքում էլեկտրաէներգիայի բարձրացումը կառաջացնի հասարակական բողոքի ալիք, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ Կառավարությունը հստակ արձագանքում է այս խնդիրներին»: