Հայ բնակչության շրջանում ևս ունենք զոհեր ու վիրավորներ. Դոնեցկի հայ համայնքի ղեկավար

12:58 • 08.07.14

Ուկրաինայի Դոնեցկի մարզի և Ուկրաինայի հարավարևելյան շրջանների հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանը, ով այժմ Երևանում է և մի քանի օրից է մեկնելու Ուկրաինա, Tert.am –ի հետ զրույցում խոսում է իրենց տարածաշրջանում տիրող իրավիճակին և 550.000–անոց հայ համայնքի դիրքորոշման մասին։ «Ամեն մարդ իր սեփական խելքն ունի, իր սեփական գաղափարով է շարժվում: Մարդիկ կան, որ ակամայից են հայտնվել այդ ամենի մեջ, մարդիկ կան, որ … ոնց ասեմ: Ամեն մարդ՝ իր սեփական խելքով»: Նա ամեն օր հայ համայնքի հետ կապ է պահպանում և ասում է, որ հայ բնակչության շրջանում էլ կան զոհեր և վիրավորներ, սակայն նրանց թիվը համայնքի ղեկավարը չհայտնեց՝ ինչ–ինչ նկատառումներով:


-Պարո՛ն Աղավելյան, մինչև այս դեպքերը Ուկրաինայի արևելյան շրջաններում որքա՞ն հայ էր բնակվում:


- Ընդհանուր 80 հազար հայ է ապրում Դոնեցկի մարզում: Եվ ինչպես բոլորը, իրենք էլ հայտնվել են պատերազմի մեջ:


- Իսկ ուկրաինական զինուժի և ռուսամետ անջատողականների միջև այս վերջին պատերազմական գործողությունների ընթացքում հայ բնակչության շրջանում զոհեր, վիրավորներ կա՞ն:


- Ամեն առավոտ բոլոր քաղաքներից ինֆորմացիա ունեմ, և, այո՛, զոհեր էլ են եղել, վիրավորներ էլ: Բայց արի ես թիվը չասեմ, պետք չէ:


- Մեր հայրենակիցները, որոնցից շատերը գուցե ՀՀ քաղաքացի էլ չեն, հայտնվել են քաղաքացիական պատերազմի ու քաղաքական բախման կիզակետում: Հիմա իրենց ուզածն ի՞նչ է, որ գան Հայաստա՞ն, գնան՝ Ռուսաստան, մնա՞ն Ուկրաինայում:


- Ամեն մարդ իր սեփական խելքն ունի, իր սեփական գաղափարով է շարժվում: Մարդիկ կան, որ ակամայից են հայտնվել այդ ամենի մեջ, մարդիկ կան, որ … ոնց ասեմ: Ամեն մարդ՝ իր սեփական խելքով:

- Հասկանալի է, բայց ուզում եմ ասել՝ իրենք Հայաստանից , ՀՀ իշխանություններից ինչ-որ սպասելիք ունե՞ն, որ իրենց ինչ-որ առաջարկներ արվի, մասնավորապես, գալ Հայաստան:


- Գիտե՞ք ինչ կա. մի մարդ, որ երկար տարիներ մի տեղ է ապրում, ինքը ավտոմատ այդ երկրի բնակիչ է դառնում, ու տեղի ամեն ինչին ավտոմատ ինքը պետք է մասնակցի՝ իր սեփական խելքով: Հայեր կան Ուկրաինայում, որ ընդհանրապես Հայաստանում չեն ծնվել, կապ չեն ունեցել, ու իրենք համարում են իրենց «կարեննոյ ժիտելներ» (արմատներով տեղացիներ – Tert.am) ու իրենք իրենց սեփական գաղափարով են շարժվում: Իսկ Հայաստանից իրենք ոչինչ չեն սպասում: Հայաստանի սփյուռքի նախարարության հետ մենք կապի մեջ ենք, ամեն օր համարյա, զանգում ենք, հանդիպում ենք, այնպես որ ինչով կարողանում է՝ Հայաստանի սփյուռքի նախարարությունը մեզ օգնում է:


- Ինչքա՞ն հայ է մնացել մարզում:


-Չեմ կարող ասել, որովհետև շատերը դուրս են եկել երկրից, գնացել են Ուկրաինայի կողմ, Ռուսաստանի: Էդ կարգավիճակով: Կան նաև Հայաստան եկած մարդիկ, բայց դա շատ քիչ տոկոս է:


-Իսկ հայերի շրջանում Ռուսաստանում փախստականի կարգավիճակ շատե՞րն են ստացել:


- Ես նման ինֆորմացիա չունեմ, որ իմ տերիտորիայի հայերը գնացել են՝ Ռուսաստանում «բեժենեց»-ի (փախստական - Tert.am) կարգավիճակի են ստացել: Գնացել են, բայց գնացել են իրենց հարազատների մոտ:


- Իսկ Արսեն Ավակովի նշանակումից հետո հայերի նկատմամբ վերաբերմունքը փոխվե՞լ է՝ լավ կամ վատ:


-Եղել է պրոբլեմ, խնդրել ենք, միջնորդել են, լուծվել է:


-Ի՞նչ պրոբլեմ:


- Փակագծեր կան, որ չպետք է բացել:


-Իսկ հայերի նկատմամբ քսենոֆոբիայի դրսևորումներ կա՞ն:


- Տենց բան չկա, ո՛չ էս կողմից, ո՛չ էն կողմից, որ հայ լինելու համար նեղեն:


- Գործարար Ռուբեն Ավանեսյանին, ում Դոնեցկում սպանեցին, և նրան էլ ռուսամետները հերոս հռչակեցին , արդյո՞ք
չսպանվեց նրա համար, որ փող էին պահանջել, չէր տվել:


-Հայ գործարարից փող չէին պահանջել, ես եմ դիակը բերել, այստեղ հուղարկավորելու համար, տենց բան չկա:Սա ժուռնալիստների գրածն է:


- Իսկ ինչի՞ են սպասում հայերը:


-Բնական բան, որ պատերազմը շուտ ավարտվի, խաղաղություն լինի, որ մարդիկ իրենց տուն-տեղին հասնեն, ապահով ապրեն ոնց որ եղել է: