Շատ էժան և արագ մեթոդներով հնարավոր է ամրացնել շենքերը. Միքայել Մելքումյան
Հանրապետությունում հուլիսի 6-ին և 7-ին գրանցված երկրաշարժերից հետո Վանաձորում մարդկանց մոտ խուճապային տրամադրությունների հետ կապված, թե հնարավոր է՝ տեղի ունենա երկրաշարժ, Tert.am-ը զրուցել է Տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանի հետ՝ պարզելու, թե ինչպիսին է Հայաստանի շենքերի սեյսմակայունության վիճակը։ Ըստ նրա՝ ԱԻՆ-ը շատ հզոր աշխատանքներ է կատարում՝ ստեղծելով փրկարարական ջոկատներ, մեքենաներ, սարքավորումներ, ինչը շատ գովելի է։ «Սակայն պետք է ամրակայել շենքերը, ինչը ԱԻՆ-ը, թեև հասկանում է, սակայն գուցե գումարների կամ այլ պատճառով դա չի անում: Նրանք պետք է պահանջեն կառավարությունից, որ այդ ամենի համար գումարներ հատկացվի»,– ասում է նա:
– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ շենքերի սեյսմակայունության վիճակը:
– Հայաստանը կառուցապատված է հիմնականում սովետական միության օրոք կառուցված շենքերով: Այդ ժամանակ սեյսմիկ վտանգը Հայաստանի տարածքի համար թերագնահատված էր, այդ պատճառով Հայաստանում շենքերը կառուցվում էին 7, լավագույն դեպքում 8 բալանոց երկրաշարժին դիմակայելու համար: Ներկայումս, սեյսմիկ նորմերը 9 բալի բարձրությանը դիմակայելու համար են, այստեղից հետևություն, որ Հայաստանում կառուցված շենքերի սեյսմակայունությունը չի համապատասխանում ներկայիս գործող նորմերին, իրական սեյսմիկ վտանգին՝ Հայաստանի տարածքի համար:
- Կարծիք կա, որ հնարավոր ուժգին երկրաշարժի դեպքում, մասնավորապես Երևանի շենքերի շատ մասը չի դիմանա, ի՞նչ կասեք այդ մասին:
– Այդ կարծիքը հայտնել եմ ես, եթե Երևանի տարածքում տեղի ունենա Սպիտակի երկրաշարժի ուժգնությանը հավասար երկրաշարժ, ապա Երևան քաղաքի 80 տոկոս շենքերը կփլվեն, և մենք կունենանք 300 հազար զոհ, իսկ հաշմանդամների և անտուն մարդկանց քանակը անթիվ ու անհամար կլինի:
- Ինչպե՞ս եք գնահատում ԱԻՆ-ի կատարած ամրակայման աշխատանքները, ծրագրերը, ներդրումները:
– Ես գտնում եմ, որ ԱԻՆ-ը բավականին լուրջ աշխատանք է կատարում, սակայն պետք է ավելի շատ զբաղվի կանխարգելիչ աշխատանքներով: ԱԻՆ-ը շատ հզոր աշխատանքներ է կատարում ՝ստեղծելով փրկարարական ջոկատներ, մեքենաներ, սարքավորումներ, ինչը շատ գովելի է, սակայն պետք է ամրակայել շենքերը, ինչը ԱԻՆ-ը թեև հասկանում է, սակայն գուցե գումարների կամ այլ պատճառով դա չի անում: Նրանք պետք է պահանջեն կառավարությունից, որ այդ ամենի համար գումարներ հատկացվի: Մեզ մոտ կարծեք հիմնովին մոռացել են, որ մենք ապրում ենք սեյսմավտանգ երկրում: Ինչի մասին ասես խոսում են, ինչ աշխատանքներ ասես անում են, խարխլված շենքեր են ներկում, փողոցները տասն անգամ ասֆալտապատում են, բայց չեն հասկանում, որ պետք է դպրոց, հիվանդանոց, կառավարական շենքեր ամրացնեն:
– Հնարավո՞ր է մեր շենքերը ոչ թե վերակառուցել, այլ պարզապես ամրակայել:
– Հիմա կա շենքերի ամրացման բազմաթիվ մեթոդներ, այդ թվում մի մեթոդ ես ինքս եմ ստեղծել, որը հիմնված է սեյսմամեկուսացման համակարգի օգտագործման վրա: Այդ մեթոդներով հնարավոր է շատ էժան և արագ ամրացնել շենքերը: Մենք արդեն այդպիսի փորձ ունենք և աշխարհում ճանաչված ենք՝ սեյսմամեկուսացման տեխնոլոգիաներով շենքի ամրացման առաջատար, և մենք դա անում ենք առանց շենքերի շահագործումը դադարեցնելու: Հիմա, ունենալով այսպիսի փայլուն տեխնոլոգիա, կարելի՞ է հանգիստ նստել և սպասել՝ մինչև մյուս երկրաշարժը: Լայնամասշտաբ ծրագիր չի իրականացվում, թեև Կառավարությունը կասի, օրինակ՝ 7 դպրոց ենք ամրացրել, սակայն դա տոկոս չի կազմում ընդհանուր վտանգավոր շենքերի քանակի մեջ: Ես դա համարում եմ ազգային անվտանգության խնդիր։
– Ի՞նչ կասեք անկախության տարիներին կառուցված շենքերի սեյսմակայունության մասին:
– Անկախության տարիներին կառուցված շենքերն անշուշտ ունեն ավելի բարձր սեյսմակայունություն համեմատած հին շենքերի հետ, որովհետև դրանք կառուցված են Հայաստանում գործող սեյսմիկ նորմերի համապատասխան: Թեև այդ նորմերին համապատասխան են նախագծվում շենքերը, սակայն չպետք է մոռանալ, որ մեր երկրում կա կաշառակերություն: Ես անձամբ ոչ մի հույս չունեմ, թե այդ շենքերը կառուցված են շատ լավ: Մեր երկրում սնկի պես բազմացել են նախագծային կազմակերպությունները, և այսօր շատ հեշտ է լիցենզիա ստանալը: Հիմա ով կարողանում է, չի կարողանում, կրթություն ունի, թե չունի, նախագծային կամ շինարարական աշխատանքներ իրականացնելու լիցենզիա է ստանում: Ես ինքս էլ ականատես եմ եղել մի քանի վատ նախագծերի: Ես չեմ կարող հարյուր տոկոսով համոզված լինել, որ նոր կառուցված շենքերը ամբողջությամբ սեյսմակայուն են:










