Չէի ցանկանա, որ «Ժառանգությունը» կրկին հիասթափեցնի հանրությանը. Ստյոպա Սաֆարյան

10:07 • 08.07.14

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում քառյակին մեղադրեց հասարակության հետ ոչ այնքան ազնիվ լինելու մեջ և ասաց, որ չի ցանկանա, որպեսզի «Ժառանգությունը» հերթական անգամ մյուս երեք քաղաքական ուժերի հետ իր գործողություններով սպասելիքներ առաջացնի հանրության մոտ և հիասթափության առաջ կանգնեցնի:


Հարցին, թե ինչ արձագանք է ստացել քառյակի մասին իր գնահատականները կուսակցության ներսում, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, թե «Ժառանգությունում» շատ է խոսվել այս մասին:


«Իմ առարկությունները ոչ թե վերաբերել են չորս ուժերի համագործակցությանը, այլ ես ասել եմ, որ պետք չէ այդ համագործակցությունը վաճառել մի բանի տակ, որը չկա: Այսինքն՝ հասարակության հետ պետք է ազնիվ լինել և ասել, որ քառյակը համագործակցում է խորհրդարանում լավ օրենքներ, խնդիրներ լուծելու համար, ոչ թե ձեռքի հետ ակնարկներ անել, որ շուտով իշխանափոխություն է անելու»,– ասաց նա:


«Ի վերջո, 2013 թվականին «Ժառանգությունն» այդ խնդիրն ունեցել է, հետևաբար ևս մեկ անգամ կեղծ ազդանշաններ ուղարկել ժողովրդին, հուսով անել, թե հեսա իշխանափոխություն ենք անելու և ոչինչ չանել, սա «Ժառանգության» համար հղի է հիասթափությամբ»,- ասաց նա:


Հարցին, թե քանի որ կուսակցությունում միայն ինքը չէ, որ քննադատում է քառյակի գործունեությունը, այդ հողի վրա տարանջատումներ կա՞ն կուսակցության ներսում, Ստյոպա Սաֆարյանը կոչ արեց այդ մասին վարչությունից հարցնել: «Եղել են տարբեր կարծիքներ, զրույցներ այն մասին, որ վերջին հաշվով պետք է ճշգրտվի Ռոբերտ Քոչարյանի և քառյակի կապը, դա շատ վաղուց է ասվել»,- ասաց նա: