Բնապահպանները դժգոհ են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքից
Բնապահպանները դժգոհ են վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքից: Ըստ նրանց՝ օրենքում լուրջ թերություններ ու բացթողումներ կան:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նշեց, որ ինչպես մի խումբ ՀԿ-ներ այնպես էլ Հայաստանում գործող Օրհուսի Կենտրոնը ՀՀ նախագահին նամակ են հղել՝ ընդգծելով, որ այն իր բովանդակությամբ հակասում է Հայաստանի կողմից կնքված և վավերացված Օրհուսի կոնվենցիայի պահանջներին:
«Օրենքը չի բխում ժողովրդավարության սկզբունքից և չի նպաստում բնապահպանական խնդիրների լուծմանը: Նամակում, մասնավորապես, անդրադարձել ենք հանրության մասնակցությանը, իրազեկման ժամկետներին, պատկան մարմիններին իրազեկման ժամկետներին և ընդգծել, որ օրենքի փոփոխությունը չի բերում նրան, որ հանրությունը բնապահպանությանը վերաբերող հարցերում ավելի շատ մասնակցություն ունենա»,-ասաց նա:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը ևս ընդգծեց, որ օրենքում պահպանված չէ ամենակարևորը՝ հասարակության մասնակցությունը այս կամ բնապահապանությանը վերաբերող որոշումների ընդունմանը:
«Նոր օրենքով բոլոր տեսակի գործունեությունները բաժանված են երեք խմբի և հանրության մասնակցությունը այս երեք խմբերին տարբեր աստիճանով պետք է իրականացվի: Օրինակ՝ փոքր ՀԷԿ-երի պարագայում այլևս անհրաժեշտություն չկա քննարկում կազմակերպել հանրության հետ, միայն գնահատումը բավարար է, որպեսզի տրվի լիցենզիա: Պետք է նշեմ նաև, որ օրենքը շատ խրթին է գրված, այնինչ Օրհուսի կոնվենցիան պահանջում է, որ այն շարադրված լինի այնպես, որ հասարակ մարդը կարդա ու հասկանա»,-ասաց նա:
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, ով օրենքի ձևավորման սկզբնական ժամանակահատվածում մասնակցել է աշխատանքներին, սակայն հետո հրաժարվել՝ տեսնելով, որ տվյալ աշխատանքում ներգրավված չեն այնպիսի մասնագետներ, որոնք ունակ են ճիշտ գրել օրենքը, ասաց, որ իր համար էական թերությունն այն է, որ նախ այստեղ բացակայում է պատասխանատվությանը վերաբող մասը:
«Մենք օրենքի մշակման ժամանակ որքան էլ բարձրացրինք այս հարցը, միևնույնն է՝ անօգուտ եղավ: Չկարողացանք այն գաղափարախոսությունը մտցնել, որ երբ տվյալ տարածքի բնակչությունը, հասարակությունը բացասական վերաբերմունք է ունենում ծրագրին, պետք է Բնապահպանության նախարարությունը տա բացասական եզրակացություն: Դա հնարավոր չեղավ մտցնել, ինչը նշանակում է, որ ամեն ինչ անիմաստ է, որովհետև ինչ էլ քննարկվի, անիմաստ է»,- ասաց նա:










