Երեկվա կարկուտը երկրաշարժի «տեղը հանեց». Վանաձորի քաղաքապետը՝ տեղացած կարկտի մասին

21:16 • 08.07.14

Վանաձորում երեկ տեղացած կարկուտը հնարավոր երկրաշարժի վտանգի ու ամեն ինչի «տեղը հանեց»։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ի պատասխան հարցի, թե ըստ որոշ տեղեկությունների՝ վանաձորցիներից շատերը, երկրաշարժի վտանգից, գիշերն անցկացրել են դրսում: 

«Հենա կարկուտն եկավ ու ամեն ինչի տեղը հանեց, քաղաքացիների մեքենաները ջարդեց, ապակիներ ջարդեց, «շիֆրները» ջարդեց, սեփականատերերի այգիներն են լրիվ ջարդվել, երկրաշարժն արդեն մոռացան»,-ասաց Սամվել Դարբինյանը: 

Վնասի չափ ամբողջությամբ դեռ հաշվարկված չէ, բայց Վանաձորի քաղաքապետը իրատեսական մոտեցավ այն հարցին, թե կառավարությունը փոխհատուցելո՞ւ է քաղաքացիների կրած վնասները: 

«Ենթադրենք հաշվեցինք, ո՞վ է փոխհատուցելու»,-ասաց քաղաքապետը և ավելացրեց. «Բազմաբնակարան շենքերի սեփականատերերը պետք է իրենց ունեցվածքը իրենց բնակարանները ապահովագրեն, որ ապահովագրական ծառայությունները նրանց գումարներ տրամադրի: Բայց քանի որ էսօր ապահովագրական ծառայություններում համարյա ոչ մեկն իր գույքը չի ապահովագրել, չեմ կարծում, որ շատ փոխհատուցումներ կլինեն»: 

Ինչ վերաբերում է համայնքային նշանակության և համայնքապատկան շենք-շինություններին՝ մանկապարտեզներին, երաժշտական դպրոցին և այլն, ապա Սամվել Դարբինյանն ասաց. «Հանձնարարել եմ հաշվարկներ անել, էսօր վաղը-ծառայություններին կխնդրենք՝ մի մասը կտրամադրեն, մի մասն էլ մեր տարեկան գումարներից կտրամադրենք, որ էդ խնդիրները լուծենք»: 

«Փաստորեն բնությունն ընկել է հայ ժողովրդի հետևից» հարցին ի պատասխան էլ Սամվել Դարբինյանն ասաց, որ Աստծո գործերին չի խառնվում: