Պաղեստինցի արմատականները մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
Պաղեստինցի արմատականները մի քանի օրվա ընթացքում Գազայի հատվածի տարածքից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հաղորդել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:
Պաշտպանության բանակի տվյալներով՝ «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը 5 հրթիռ է հայտնաբերել Աշդոդ (200 000 բնակչությամբ) և Աշկելոն (100 000 բնակչությամբ) քաղաքների օդային տարածում, ինչպես նաև 2 հրթիռ՝ Բեեր-Շևա քաղաքում (200 000 բնակչությամբ):
Իսրայելի Երկաթուղային կայարանների վարչությանը երեքշաբթի հրահանգվել է դադարեցնել երկաթուղային հաղորդակցությունը Աշդադ և Աշկելոն քաղաքների միջև: Այս որոշումը կայացվել է օդային տագնապից հետո, որը ազդարարվել էր Գազայի հատվածից հրթիռների արձակումից հետո:
Գազայի հատվածից եկող հրթիռային ռմբակոծության պատճառով բուժօգնության է դիմել 9 իսրայելցի:
Ընդհանուր առմամբ, 12 ժամում Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների սկսվելու պահից ի վեր առնվազն 5 պաղեստինցի է զոհվել, ևս 30-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:










