ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը փորձում է օգնել ՌԴ մուտքի արգելք ունեցող մարդկանց. Ռուբեն Եգանյան

13:46 • 08.07.14

Այսօր ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը մամուլի ասուլիսին անդրադառնալով ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխությանը՝ նշեց, որ ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը փորձում է օգնել մարդկանց, որոնց համար Ռուսաստանի մուտքը արգելափակվել է այդ երկրում ուժի մեջ մտած նոր օրենքի պատճառով: Նա նկատեց, որ նման իրավիճակում հայտնվել են մարդիկ, ովքեր նույնիսկ մեկ անգամ չեն եղել Ռուսաստանում:

 

«Նման պայմաններում ազգային միգրացիոն ծառայությունը փորձում է նեցուկ կանգնել այն մարդկանց, ովքեր իրենց դիմել են»,-ասաց նա և նշեց, որ արդեն 50-60 մարդու գործ ընթացքի մեջ է, և փորձում են խնդիրը լուծել Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ:


Ռուբեն Եգանյանը նշեց, որ խնդրի լուծման արմատական հնարավորություն չի տեսնում. «Օրենքն արդեն կա, առանձին Հայաստանի համար մոտեցումներ ես հնարավոր չեմ համարում, քանի որ սա վերաբերում է նախկին Խորհրդային միության բոլոր երկրներին»:


Ինչ վերաբերում է հարցին, թե խնդիրը չի՞ լուծվի Մաքսային միությանն անդամակցելու դեպքում, Ռուբեն Եգանյանը պատասխանեց, թե «դա ուրիշ օպերայից» է, և ոչ մեկ չգիտի, թե դա կոնկրետ երբ կլինի:


Այնուհանդերձ, նա չի էլ կարծում, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մեր միգրացիոն խնդիրները կլուծվեն: «Այս մարդիկ անօրինական միգրանտներ են, խախտել են ՌԴ օրենքները, եթե մտանք Մաքսային միություն, դա նշանակո՞ւմ է, որ իրենք օրենքը չեն խախտել: Ես չեմ կարծում, որ հենց անդամ դարձավ, այս օրենքը չեղյալ կհայտարարվի»:


Բանախոսը նկատեց, որ Ռուսաստանում քաղաքացիների մուտքը արգելափակելու իրավունք ունի տասը ծառայություն, իսկ միգրացիոն ծառայությունն այդ համակարգերից միայն մեկն է: Նա թեև կարծում է, որ մեր պատկան մարմիններն ինչ-որ քայլեր անում են, սակայն էական առաջընթաց չի նկատում:


Ինչ վերաբերում է դյուրացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորությանը, ապա Ռուբեն Եգանյանն ասաց, որ այդ հարցով մեր քաղաքացիների մեծամասնությունը ևս չի կարող դիմել, որովհետև օրենքի համաձայն՝ պետք է դիմողները կամ նրանց ծնողները որոշ ժամանակ ապրած լինեն Խորհրդային միության, ներկայիս Ռուսաստանի սահմաններում: