Ի՞նչ է ուզում ասել Ուորլիքը՝ ստատուս քվոն վտանգավոր համարելով. կարծիքներ
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը համամիտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, թե ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում:
«Ըստ էության՝ ստատուս քվոն պահպանվում է Ռուսաստանի կողմից, այսինքն՝ վտանգավոր է դառնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի ազդեցությունը խիստ ուժեղացել է, և նա իր ցանկության համաձայն՝ իր շահից ելնելով, ցանկացած պահի կարող է փոխել ստատուս քվոն: Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա դարձել է անչափ, և Հայաստանը կորցրել է իրավիճակի վրա ազդեցության իր լծակները»:
Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը կխախտի տարածաշրջանի հավասարակշռությունը: «Վտանգ կա, որ Ռուսաստանը հարցը կլուծի՝ ելնելով ոչ թե կողմերի շահերից, այլ, ենթադրենք, Ադրբեջանին Եվրասիական միություն բերելու համար կարող է մի շարք տարածքներ հանձնել Ադրբեջանին, և այդ ամենը պատերազմով է լինելու»,-ասաց նա:
Աղասի Ենոքյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները, բնականաբար, դա չեն թողնի, սակայն իրենց ձեռքից արդեն շատ քիչ բան է կախված: «Հայաստանի իշխանությունները հիմա շատ քիչ բան կարող են անել իրավիճակի վրա ազդելու առումով»,-ասաց նա:
Անդրադառնալով համանախագահ մյուս երկրների գործողություններին՝ Աղասի Ենոքյանը նշեց, որ գնալով նրանց լծակները սկսել են դառնալ ձևական, որովհետև Ռուսաստանը հիմա սկսել է օգտագործել ոչ միայն իր համանախագահի դիրքը, այլև՝ մնացած լծակները, սկսած գազից մինչև զենքի մատակարարում:
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կգտնեն միջոցներ իրավիճակը հետ պտտելու համար և որոշակի լծակներ իրենց ձեռքը կվերցնեն, և բոլորը կհասկանան, որ ստատուս քվոն լավագույն լուծումը չէ: Ռուսաստանը, եթե հասնի նրան, որ կարողանա խաղաղապահներ տեղադրել, ևս կգնա ստատուս քվոյի խախտմանը»,-ասաց Աղասի Ենոքյանը:
Քաղաքագետը նշեց, որ մեզ համար թեև ստատուս քվոյի կարգավիճակը ձեռնտու է, սակայն պայթունավտանգ է: «Այն, թեև քսան տարի է, ինչ պահպանվում է, սակայն կայուն չէ: Այս ընթացքում ԱՄՆ–ի և Ֆրանսիայի համանախագահները, Հայաստանը, Ադրբեջանը կորցնում են իրավիճակի վրա ազդելու լծակները, և այդ լծակները գնում են Ռուսաստանի ձեռքը»:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ևս Tert.am-ի հետ զրույցում արտահայտեց իր համակարծիք լինելը Ջեյմս Ուորլիքի հետ՝ ասելով. «Էդպես է, ու էդտեղ շատ կասկածի տեղ չկա՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն անընդհատ խախտում է զինադադարը: Ու, այո, համաձայն եմ, որ էս վիճակը վտանգավոր է: Բայց դա չի նշանակում, որ ուրիշ բան պետք է անել»:
Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ են ուզում ասել Ուորլիքը կամ Արևմուտքը, ապա Կիրո Մանոյանը հակված է նրա ասածը ընկալել բառացի: «Ես ամերիկացի համանախագահի ասածը պարզ, բառացիորեն եմ հասկանում, որ ստատուս քվոն վտանգավոր է: Ես ուրիշ բան չեմ ուզում հասկանալ իր ասածի մեջ, կարող է՝ ենթադրեմ, բայց բառացիորեն դա եմ հասկանում: Էդպես է, ու էդտեղ շատ կասկածի տեղ չկա՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն անընդհատ խախտում է զինադադարը»,-ասաց Կիրո Մանոյանը:
Իսկ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե չի տեսնում այն վտանգները, որոնց մասին միշտ խոսում են արցախյան հակամարտության մասին խոսելիս:
«Խոսքս վերաբերում է պատերազմի ակտիվ փուլի վերսկսմանը, որովհետև բոլոր դեպքերում պատերազմի կարևորագույն գործոնները հայկական բանակի համապատասխան առաջադրանքներ կատարելու պատմությունն է և միջազգային միջնորդների ցանկությունն է: Այդ երկու գործոնները գործում են, հետևաբար, չէի ասի, թե ինչ-որ վտանգներ կան»,-ասաց քաղաքագետը:
Նրա բնորոշմամբ՝ այդ միտքն արտահայտելու համար, ըստ երևույթին, աշխատել է այն տրամաբանությունը, որին մենք հաճախ ենք ականատես լինում Ուորլիքի գրառումներից «Նա անընդհատ շեշտում է, որ անընդունելի է ստատուս քվոն, իսկ հիմա խոսում է ստատուս քվոյի վտանգների մասին»,-նկատեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ եզրափակելով. «Դժվար է ասել, թե ինչն է նա այստեղ որպես վտանգ տեսնում, դա պետք է իրենից ճշտել, բայց բոլոր դեպքերում արտաքին վտանգներ նկատելի չեն»:










