ԼՂ խնդրի բանակցային գործընթացը պետք է ակտիվացնել. Արթուր Բաղդասարյան
ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի լարվածությունը մեծանում է, բանակցային գործընթացը անհրաժեշտ է ակտիվացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ Հայաստանում ու Ադրբեջանում պետք է հիմնական քաղաքական ուժերի հետ հարցը քննարկվի՝ ձևավորելու հասարակության համար ընդունելի մի բանաձև:
«Մենք տեսնում ենք Ադրբեջանի մշտապես ապակառուցողական դիրքորոշումը, մենք նաև տեսնում ենք ու չենք կարող աչք փակել Ադրբեջանի՝ ահագնացող տեմպերով ռազմականացման դեմ, սպառազինությունների նոր մրցավազք է սկսվել և ասեմ, որ Ադրբեջանը դիվերսիֆիկացված ձևով է անում դա: Սպառազինությունների մի մասը ձեռք են բերում Մաքսային միության անդամ երկրներից, խոշոր մասը թուրքալեզու պետություններից, մի հատվածը՝ Իսրայելից, ամերիկյան մայրցամաքի երկրներից»,-ասաց նա:
Արթուր Բաղդասարյանն ընդգծեց, որ հայկական զինված ուժերը ևս պետք է պարբերաբար արդիականացվեն. «Մարտունակության բարձրացման գործում ամեն օր անելիք ունենք»:
Նա նաև անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններին և դրանք մտահոգիչ համարեց։ «Բայց նաև դա այն իրականությունն է, որ իրենք տեսնում են: Ավելի լավ է, որ խոսեն դրա մասին հրապարակային, քան կուլիսային գործընթաց իրականացնեն: Մեր հասարակությունը, իշխանությունը կարիք ունի ձևավորելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ մեր ազգային շահից բխող տեսլական»,-ասաց նա:










