Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը

12:32 • 09.07.14

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին բացառեց արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը, բայց չբացառեց, որ կառաջադրի իր թեկնածությունը:


«Արտահերթ նախագահական ընտրությունները բացառում եմ, քանի որ գործող նախագահի երկրորդ ժամկետը մոտենում է ավարտին, իսկ արտահերթ ընտրություններ՝ նշանակում է լուրջ ցնցումներ հասարակության մեջ: Ինչ վերաբերում է իմ առաջադրմանը, ես արդեն հայտարարել եմ, որ չեմ բացառում, քանի որ քաղաքական գործիչ եմ, ունեմ փորձառություն, ունեմ անցած ճանապարհ»,-ասաց նա:


Հարցին, թե հնարավո՞ր է՝ ՕԵԿ-ը կրկին համագործակցի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, պատասխանեց. «Գործող Նախագահ Սերժ Սարգսյանին մնացել է պաշտոնավարել երկու-երեք տարի, ինքն էլ հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու, այսինքն` այս գործընթացներում չի լինելու, ո՞ւմ հետ համագործակցեմ: Մենք համագործակցելու ենք այն ուժերի հետ, որոնք մեր տեսլականը կիսում են ու պատրաստ են այն դարձնել իրականություն»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին և վերջինիս հետ համագործակցությանը, ապա Արթուր Բաղդասարյանը նշեց, որ կհամագործակցի ցանկացած անհատի կամ ուժի հետ, որի հետ կունենա ընդհանուր տեսլական: