Հանրային լողափերի ծառայություններից դժգոհելու առանձնապես բան չկա. Արմեն Պողոսյան

09:07 • 09.07.14

«Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ՝ Սևանա լճի 11 հանրային լողափերում մատուցվող ծառայություններից առանձնապես դժգոհելու բան չկա. գուցե նեղվածք է ավելի շատ, բայց դա էլ պայմանավորված է նրանով, որ էժան է:


«Որտեղ որ էժան է, այնտեղ շատ ժողովուրդ է հավաքվում»,- Tert.am-ի հետ ասաց Արմեն Պողոսյանը:


Նշենք, որ հուլիսի 1-ից բացվել են Սևանա լճի 11 հանրային լողափերը: Ըստ Բնապահպանության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ օրական մոտ երկու հազարից ավելի մարդ է հանգստանում հանրային լողափերում, որտեղ նրանք անվճար օգտվում են կայանատեղիից, մանկական և սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից և այլ ծառայություններից:


Tert.am-ի հարցին, թե ինչ առավելություններ, անհարմարություններ ու խնդիրներ կան գործող հանրային լողափերում, «Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահը պատասխանեց, թե նախկինում ունեցել ենք երկու անվճար լողափ, իսկ հիմա դրանց թիվն ավելացել է։


Անդրադառնալով մատուցվող ծառայություններին՝ Արմեն Պողոսյանն ասաց, թե «Կոկիկությանն ու մաքրությանը պետք է ավելի շատ հետևել, դա ավելի հաճախ պետք է արվի: Միշտ էլ կատարելագործվելու տեղ կա: Օրինակ՝ խորովածը, որ անում են, դա այդքան էլ էժան բան չի: Ավելի լավ կլիներ, որ ավելի մատչելի սնունդ առաջարկվի հանգստացողներին: Խորովածն էլ թող լինի, բայց ոչ համատարած: Ժամը գալիս է և ամեն տեղ կրակ է ու ծուխ: Բայց միևնույն է, ակնհայտ որևէ թերություն չի նկատվում»,– ասաց նա:


Ինչ վերաբերում է վճարովի լողափերին, ապա Արմեն Պողոսյանի խոսքով՝ դրանք «սարսափելի» վիճակում են: «Փողոցից սկսած ճանապարհը փակ է ու շարունակ փողեր են պահանջում. ներս մտնելու համար փող, «բեսեդկա» վարձակալելու համար փող, եթե ուզենաս գիշերը մնաս՝ էլի փող: Այդպես ավելի թանկ է, քան թե գնաս Անթալիա»,-ասաց Արմեն Պողոսյանը:


Պարզելու, թե ինչ օգուտ են քաղում լողափերի հարակից համայնքները՝ Tert.am-ը զրուցեց նրանցից մի քանիսի ղեկավարների հետ:


Լճափ գյուղի գյուղապետ Հայկ Սիմոնյանն ասաց, որ թեև լճի ափին է գտնվում գյուղը, բայց ամառային սեզոնին գյուղացիները որևէ բանով չեն զբաղվում:


«Լրիվ ափին ենք գտնվում, բայց այս հատվածում ազատ տարածք է, մարդիկ գալիս են, լողում, նստում, հաց ուտում, գնում»,- ասաց գյուղապետը:


Լճափցիները որևէ ծառայություն չեն մատուցում հանգստացողներին: Գյուղապետն ասաց, որ նրանք միայն գյուղատնտեսությամբ են զբաղվում:


Ափամերձ մեկ այլ գյուղի՝ Չկալովկայի ղեկավար Երվանդ Կարապետյանն էլ ասաց, թե տարվա այս սեզոնին որոշակի աշխատատեղեր բացվում են գյուղացիների համար:


«Մեկը «լոդկա» է տալիս, մեկն ընդունվում է այդ ափամերձ հատվածում որպես հավաքարար, այդ կարգի տարբեր ծառայություններ են մատուցում»,- Tert.am-ին ասաց գյուղապետը՝ շարունակելով նաև, որ գյուղացիները որոշ գյուղմթերք էլ են վաճառում հանգստացողներին:


Չկալովկայի գյուղապետը նաև նշեց, որ գյուղի բնակիչների մոտ 10 տոկոսի համար այս շրջանում աշխատատեղեր են բացվում:


Սևանի ափից մոտ 25 կմ հեռավորության վրա գտնվող Սարուխանի գյուղապետ Վահան Գևորգյանն էլ ասաց, թե իրենց գյուղացիները ևս չեն աշխատում հանրային և վճարովի լողափերում:


Նշենք նաև, որ բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է առաջիկայում ավելացնել հանրային լողափերի քանակը: