Օբաման Կոնգրեսին խնդրել է 3,7 միլիարդ դոլար տրամադրել ներգաղթյալների խնդիրների լուծման համար
Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին ներգաղթյալների, մասնավորապես՝ անչափահասների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի դեմ պայքարի համար անհրաժեշտ է 3,7 միլիարդ դոլար: Նման գումար է երեքշաբթի օրը խնդրել ամերիկյան Կոնգրեսից ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է ИТАР-ТАСС-ը:
Պալատի խոսնակին ուղղված իր նամակում Օբաման հիշեցրել է երկրի հարավ-արևմտյան սահմանին ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի մասին: Այդ գումարները, ինչպես վստահեցրել է Օբաման, կուղղվեն ներգաղթյալների արտաքսման, նոր աշխատակիցների ներգրավման, ինչպես նաև մեծաթիվ անչափահաս ներգաղթյալների հետ կապված խնդրի կարգավորման վրա: Սկսած անցած տարվա հոկտեմբերից սահմանին ձերբակալվել է 52 հազար անչափահաս լատինամերիկացի, հիմնականում՝ Հոնդուրասից, Գվատեմալայից և Սալվադորից: Նրանցից շատերը պահվում են սահմանի վրա հատուկ կետերում:
Հուլիսի սկզբին Օբաման սահմանին ստեղծված իրավիճակն անվանել է հումանիտար ճգնաժամ:










