«Վերնիսաժի» կրակոցների գործով Վ. Հովհաննիսյանին կիսակենդան վիճակում կալանավորել են. փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
«Վերնիսաժի» կրակոցների գործով Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ իր պաշտպանյալին հուլիսի 3-ին կիսակենդան վիճակում կալանավորել են, և գործը քննում են մի շարք օրենքների խախտումներով՝ ակնհայտ շտապողականություն ցուցաբերելով։
«Քննիչը ներկայացնում էր, որ պետք է կատարեն քննչական գործողություններ, ասում եմ՝ հարգելի՛ պարոն քննիչ, արդյո՞ք իմ պաշտպանյալն ի վիճակի է ենթարկվելու քննչական գործողությունների, երբ գտնվում է ինտենսիվ բուժման մեջ։ Հրավիրում ենք հերթապահ բժիշկին, ով տալիս է գրավոր տեղեկանք, որ տվյալ պահին քննչական աշխատանքները նպատակահարմար կլինի հետաձգել»,-ասաց նա և հավելեց, որ քննիչն անտեսելով տեղեկանքը՝ տալիս է մեղադրանք առաջադրելու որոշում և միջնորդություն, որպեսզի վերջինիս խափանման միջոցն ընտրվի կալանքը։
«Հրավիրում են շտապօգնության բրիգադ, որովհետև Վալերի Հովհանիսյանն ի վիճակի չէ քայլելու, Վալերի Հովհաննիսյանի կողքից աղիքը բաց վիճակում է, ճնշումը բավականին բարձր, բացարձակ չի գիտակցում, թե ինչ գործողություն պետք է կատարի»,-շարունակեց փաստաբանը և ավելացրեց, որ պատգարակի վրա էլ իր պաշտպանյալին տանում են դատարան։
«Դատական պրոցես է գնում և քննվում է մի մարդու վերաբերյալ գործ, որը կիսագիտակից վիճակում է, բժշկի հսկողության ներքո»,-նշեց նա և ասաց, որ որոշում է կայացվում, որ նա կարող է խանգարել դատական մարմնին և խափանման միջոց է ընտրվում կալանքը։
Փաստաբանը հիշեցրեց, որ ՀՀ օրենքով և միջազգային նորմերով, եթե անձի վերաբերյալ մեղադրանք է առաջադրվում, անձը պետք է կարողանա գիտակցել, կարողանա ստորագրել, հարցերին պատասխանել։
«Պատկերացրե՛ք, դատական պրոցեսում պատգարակի վրա պառկած մարդու գործ են քննում։ Այդ հրատապությունը, այդ, իմ կարծիքով, անօրինական գործողությունները հուշում են այն մասին, որ լիազոր մարմինը շուտափույթ գործառույթներ է ուզում իրականացնել՝ խախտելով օրենքի մի շարք դրույթներ»,-նշեց նա և զգուշացրեց, որ այդ էպիզոդի հետ կապված առանձին գնալու են մինչև Եվրոպական դատարան։
Իսկ թե ըստ փաստաբանի՝ ինչով է պայմանավորված նման շտապողականությունը, Լևոն Բաղդասարյանը նշեց, թե կդժվարանա պատասխանել: «Բայց նման պայմաններում մեղադրանք առաջադրել, նման պայմաններում խափանումը կալանք կիրառել, ես դա համարում եմ, աղաղակող հանգամանք»,-նշեց նա և հավելեց, որ պատգարակի վրա կիսակենդան վիճակում վերջինիս գործն են քննում։
Փաստաբանը նաև հավելեց, թե նման վիճակում մեկուսարան են տեղափոխել, մեկուսարանը չի ընդունել և ապա տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։
Նա նշեց, որ նույնիսկ իրեն որպես պաշտպան չորս օր թույլ չեն տվել տեսակցել նրա հետ, որպեսզի փոխանցի, որ նրա վերաբերյալ կա մեղադրանք, խափանման միջոցը կալանքն է և ցանկանում է վերաքննիչ բողոք ներկայացնել։
«Դա և բերում է հետևյալի, որ փորձում են Վալերի Հովհաննիսյանին մեկուսացնել, որպեսզի կատարեն որոշակի գործառույթներ, իրենց հարմար մեղադրանք հարուցելու և հետագայում գործն իրենց ուզած ձևով շարունակելու համար»,-ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ բողոքներ է պատրաստել, որ նախ իր՝ փաստաբանի իրավունքներն են խոչընդոտվել և քանի որ չի կարողացել տեսակցել պաշտպանյալի հետ, ինքն է գրել վերահսկիչ բողոք ներկայացնելը՝ առանց պաշտպանյալի համաձայնության, քանի որ ժամկետի հետ խնդիր կա։










