Երկրում ավելի շատ համակարգային ճգնաժամ կա, քան՝ խորհրդարանական. կարծիքներ
Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի համոզմամբ` երկրում կա համակարգային ճգնաժամ: Նա վստահ չէ, որ նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են հանգեցնել այդ ճգնաժամից դուրս գալուն:
«Երկրում կարիք կա լուրջ և կտրուկ փոփոխությունների, բայց դա միայն խորհրդարանական ընտրություններով չէ, որ պետք է արտահայտվի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Գալստյանը:
Նշենք, որ «Հայոց համազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, թե երկրում խորհրդարանական ճգնաժամ չկա, հետևաբար արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք չկա:
Արձագանքելով ասվածին՝ Նարեկ Գալստյանն ասաց. «Մեծ հաշվով՝ ես համաձայն եմ պարոն Արզումանյանի հետ, որ այս պահին խորհրդարանական ճգնաժամի մասին խոսելը ռեալ չէ: Կարծում եմ, որ երկրում ավելի շատ սահմանադրական բարեփոխումների կարիք կա»:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ևս կարծում է, որ Հայաստանում ճգնաժամը բազմաշերտ է՝ բարոյահոգեբանական, քաղաքական, արդարության բացակայություն, հասարակության անօգնական վիճակ:
«Այս բոլորը համատեղվում և ստացվում է, որ այս ամբողջը հետևանք է գործող ռեժիմի: Այս վիճակից դուրս գալու համար պետք է ազատվել գործող ռեժիմից: Այսինքն՝ խորհրդարանական ճգնաժամն այս ամենի հետևանքն է, ուստի ես կարծում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները որևէ բան չեն փոխի: Մեր երկրում համակարգային փոփոխություններ են պետք»,- Tert.am-ին ասաց Պետրոս Մակեյանը՝ շարունակելով. «Դասական իմաստով Հայաստանում խորհրդարանը չի ձևավորվել հասարակության քվեով: Այսօրվա խորհրդարանն իմիտացիոն բնույթով աշխատում է, այսինքն՝ խորհրդարանը չի արտացոլում այն ճգնաժամը, որ երկրում կա»:
Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն էլ այն կարծիքին է, որ Հայաստանն ընդհանրապես ճգնաժամի մեջ է:
«Թե դրանից ո՞ր տոկոսն է բաժին ընկնում խորհրդարանին, չեմ կարող ասել»,-ասաց նա:










