Վրաստանն ահազանգում է. ՌԴ ուղղաթիռը խախտել է օդային տարածքը
Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է ռուսական ուղղաթիռի կողմից երկրի օդային տարածքը խախտելու մասին, գրում է «Новости-Грузия»-ն:
Ռուսական ուղղաթիռը նկատվել է հինգշաբթի օրը՝ հուլիսի 10-ին Վրաստանի Կասպիի շրջանի Մեջվրիսխևի և Սակորինտո գյուղերի վրա: Այդ մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարության տվյալներով՝ ռուսական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տարածքը տեղի ժամանակով ժամը11:00-ին՝ Ցխինվալի շրջանի (Հարավային Օսեթիա) հետ վարչական սահմանի մոտ, ինչից հետո հեռացել է Ցխինվալիի ուղղությամբ:
«Ռուսական ուղղաթիռը խախտել է օդային տարածքը, որը վերահսկում են Վրաստանի կենտրոնական իշխանությունները: Թեժ գծով մենք տեղեկացրել ենք ԵՄ առաքելությանը, ռուսական կողմին և Ցխինվալիի դե-ֆակտո իշխանություններին»,- հայտնել է նախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին օրերի ընթացքում ՌԴ 6 ուղղաթիռներ խախտել են Ուկրաինայի օդային տարածքը:










