Պան Գի Մունը ՄԱԿ-ի ԱԽ-ին զգուշացրել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի կտրուկ սրման վտանգի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հինգշաբթի զգուշացրել է Իսրայելի և պաղեստինցի զինյալների միջև Գազայի հատվածում լիամասշտաբ հակամարտության առաջացման սպառնալիքի մասին: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպմանը՝ նա երկու կողմին էլ կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել:
«Այսօր մենք կանգնած ենք Իսրայելում և Գազայի հատվածում իրավիճակի մասշտաբային սրման վտանգի առաջ, որը կարելի է կանխարգելել միայն այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ-ը դադարեցնի հրթիռային ռմբակոծությունները», - ասել է Պան Գի Մունը:
Վերջինս ընդգծել է, որ Գազայի հատվածը և ողջ տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, չեն կարող իրենց ևս մեկ լիամասշտաբ պատերազմ թույլ տալ: Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակն ամենամեծ մարտահրավերն է, որին տարածաշրջանը բախվել է վերջին տարիներին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել հասնել բռնության դադարեցմանը և պաղեստինա-իսրայելական անմիջական բանակցությունների վերականգնմանը:










