ԱՄՆ պետքարտուղարը և «վեցնյակի» ԱԳ նախարարները կժամանեն Վիեննա՝ բանակցելու Իրանի հետ. ԶԼՄ-ներ

23:42 • 10.07.14

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և «վեցնյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական ներկայացուցիչ և Գերմանիա) մի շարք անդամ երկրների ԱԳ նախարարներ այս հանգստյան օրերին կժամանեն Վիեննա՝ Իրանի հետ բանակցություններին մասնակցելու համար: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արևմտյան պատվիրակության աղբյուրին:


Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ արտգործնախարարները կարող են Ավստրիայի մայրաքաղաք ժամանել մինչ շաբաթվա վերջ: Նրա խոսքով՝ մի շարք արտգործնախարարների այցի նպատակը կարող է դառնալ խորհրդակցությունների երկարաձգումը ևս մեկ-երկու շաբաթով:


Աղբյուրի խոսքով՝ սա քաղաքական ժեստ է, որն ուղղված է բանակցությունների առաջխաղացմանը և դրանց ժամկետների երկարաձգմանը: «Դա միանգամայն հնարավոր, բայց՝ ոչ ցանկալի տարբերակ է», - ասել է վերջինս՝ մասնավորեցնելով, որ բանակցությունները կարող են երկարաձգվել ևս մեկ-երկու շաբաթով: