Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնում է ԼՂՀ

19:31 • 10.07.14

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:


Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ այցի շրջանակում նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի կունենա երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը:

 

Այցի շրջանակում նախատեսվում է նաև Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտին նվիրաբերած Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների պատրաստած 7 տուֆակերտ քանդակի բացման արարողությունը, որոնք տեղադրվել են ԼՂՀ մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կայցելի նաև ԼՂՀ Մարտունի քաղաք, կհանդիպի Մարտունու քաղաքապետի հետ։ Հանդիպման ընթացքումում կքննարկվեն Մարտունու և Երևանի վարչական շրաջանների միջև գործընկերային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:


Նախատեսվում է նաև Երևանի քաղաքապետի այց ԼՂՀ ՊԲ զորամասեր, որտեղ Տ. Մարգարյանի կհանդիպի երևանաբնակ ժամկետային զինծառայողների հետ:


Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը մեկ օր կանցկացնի վրանային ճամբարում՝ մայաքաղաքից ԼՂՀ մեկնած մարզաառողջարարական հետիոտն ճանաչողական արշավի մասնակիցների հետ: