Մոսկվա-Թբիլիսի ավիաչվերթները կրկին կդառնան պարբերական
Պարբերական ավիաչվերթները կարող են կրկին կապել Մոսկվան ու Թբիլիսին այս տարվա սեպտեմբերին: Այդ հնարավորությունն են քննարկել Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գեորգի Կարասինը և ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավիահաղորդակցությունը երկու երկրների միջև դադարեցվել է 2008 թվականի օգոստոսից:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նատի Միկելաձեն հայտնել է, որ Վրաստանն արդեն Ռուսաստանից նոտա է ստացել Մոսկվայի և Թբիլիսիի միջև պարբերական ավիաչվերթների վերսկսման մասին առաջարկով:
Պարբերական չվերթները կիրականացվեն Մոսկվայից Թբիլիսի և Թբիլիսիից Մոսկվա՝ սկսած սեպտեմբերի 15-ից: Այնուհետև կավելանան նաև այլ ուղղություններ:
2010 թվականից Ռուսաստանի և Վրաստանի միջև իրականացվում են չարտերային չվերթներ:
Չվերթների վերսկսման մեջ հետաքրքրություն են հայտնում ռուսական «Аэрофлот»-ը և վրացական Georgian Airways ընկերությունը, ինչպես նաև այլ ընկերություններ:










