«Տոնուսի» կողմից խաբված բնակիչների սպասումներն «Արցախբանկից» են
«Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված՝ Դավթաշեն համայնքի երկրորդ թաղամասի և Արաբկիր համայնքի Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 բնակարանատեր անհամբեր սպասում է այդ խնդրի լուծմանը: Բնակիչներից Մկրտիչ Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջերս հանդիպում են ունեցել «Արցախբանկի» տնօրեններից Հրաչ Կապրիելյանի հետ, ով խոստացել է առաջիկայում ընթացք տալ գործին:
Բանկը պահանջել է այն մարդկանց ցուցակը, ովքեր համաձայն են մեկ քառակուսի մետրի համար 70 դոլար հավելյալ գումար վճարել, իսկ նրանք, ովքեր համաձայն չեն, կարող են ետ վերցնել իրենց վճարած գումարը:
Բնակիչն ասաց, որ հարցում է իրականացվել, և բնակիչների մեծամասնությունը համաձայնել է վճարել ավելացված արժեքը, թեև բանկի հետ չստացվեց համաձայնության գալ հիսուն դոլարի շուրջ: «Հիմա սպասում ենք հաջորդ քայլին»,-ասաց նա:
Մկրտիչ Ադամյանն ասաց, որ «Տոնուս Քնսթրաքշն»-ի սեփականատեր Աշոտ Տոնոյանի մահը գործի ընթացքը ոչնչով չի փոխել, և բնակիչների սպասելիքներն «Արցախ» բանկից են:
Հիշեցնենք, որ սնանկ ճանաչված «Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված՝ ավելի քան 160 բնակարանատեր հայց էր ներկայացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Տոնուս» ՍՊԸ-ի, որն էլ պատկանում է նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին. 140 ընտանիք «Տոնուս Քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ կնքել ենք անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով, սակայն պայմանագիրը չէր կատարվել: Իսկ նոտարական կարգով հաստատված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրով ամսական վճարումները բանկային փաստաթղթերով կատարվել էին «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջոցով: Հետագայում պարզվել էր, որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում, որի նկատմամբ ընկերությունը վարկային պարտավորություններ է ունեցել:










