2050-ին քաղաքներում կբնակվի մոլորակի բնակչության 66 տոկոսը. ՄԱԿ
Քաղաքային բնակչությունը ողջ աշխարհում 2050 թվականին կկազմի 66 տոկոս, իսկ ներկա պահին քաղաքներում բնակվում է մոլորակի ողջ բնակչության կեսից ավելին: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է հինգշաբթի:
Փաստաթղթի համաձայն՝ ամենամեծ աճը տեղի է ունենում Հնդկաստանում, Չինաստանում և Նիգերիայում: «Այս երեք երկրին 2014-2050 թվականների ընթացքում բաժին կընկնի քաղաքային բնակչության կանխատեսվող համաշխարհային աճի 37 տոկոսը», - ասվում է զեկույցում:
Համեմատության համար նշենք, որ 1950-ին քաղաքներում բնակվում էր 746 մլն մարդ, իսկ 2014-ին քաղաքային բնակչությունը կազմել է 3.9 մլրդ:
ՄԱԿ-ի զեկույցում աշխարհի ամենամեծ քաղաք է նշվում Տոկիոն՝ 38 մլն բնակչությամբ, որին հետևում են Նյու Դելին, Շանհայը և Մեխիկոն:










