Գալուստ Սահակյանը կմասնակցի Էդուարդ Շևարդնաձեի հուղարկավորությանը

16:22 • 11.07.14

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 13-ին կմասնակցի Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հուղարկավորությանը: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ, ԽՍՀՄ վերջին արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն երկարատև հիվանդությունից հետո մահացել է երկուշաբթի օրը:

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ Վրաստանի արտգործնախարարությունն օրերս արտասահմանյան քաղաքական գործիչների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ուղարկել է սգո արարողությանը մասնակցելու բազմաթիվ հրավերներ, և այս պահին հայտնի է, որ ներկա կգտնվեն ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյկերը, Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս Դիտրիխ Գենշերը, Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը, Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Ավստրիայի արդարադատության նախարար Վոլֆգանգ Բրանդշտետերը, Ճապոնիայի փոխարտգործնախարար Տակաո Մակինոն, Էստոնիայի նախկին նախագահ Առնոլդ Ռյուտելը, Ղրղըզստանի նախկին նախագահ Ռոզա Օթունբաևան: