Հայաստանն ու ՌԴ-ն ստորագրել են քաղաքացիների՝ միմյանց երկրներում մնալու կարգի մասին համաձայնագիրը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բանակցություններ է վարել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության կայքը, Դմիտրի Մեդվեդևի և Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Ռուսաստանի և Հայաստանի Միգրացիոն ծառայությունների ղեկավարները ստորագրել են «Ռուսաստանի դաշնության քաղաքացիների՝ Հայաստանի հանրապետությունում գտնվելու կարգի և Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը։
Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Մեդվեդևը ողջունել է Հովիկ Աբրահամյանին և նշել, որ նրա այցը հնարավորություն է տալիս քննարկել հայ-ռուսական հարաբերությունների լայն շրջանակ՝ սկսելով ինտեգրացիոն գործընթացներից մինչև երկկողմ կապերին, առևտրային հարցերին, ներդրումներին և հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր։
«Այն մասին, որ մեր երկրները մերձավոր դաշնակիցներ են, խոսել անգամ չարժե։ Իրոք, մեր երկրները մոտ են, մեր ժողովուրդները մոտ են, ինչը մեզ հնարավորություն է տալիս խոսել համագործակցության բոլոր հարցերի մասին»,- ասել է նա։
Հովիկ Աբրահամյանն իր հերթին գոհունակություն է հայտնել հանդիպման առթիվ և նշել է, որ դա լավ հնարավորություն էր համագործակցության արդի խնդիրների մասին խոսելու համար։










