Հալեպի Ազիզիե թաղամասում արկի պայթյունից հայ է զոհվել
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի Ազիզիե թաղամասում երեկ ընկած արկերի պայթյունից զոհվել է 1963թ.-ին ծնված Գոքո Մկրյանը։
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, հանգուցյալի թաղման արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց։
Վերջին օրերին Հալեպում և հայահոծ շրջաններում իրավիճակը դարձյալ լարվել է։ Օրեր առաջ Նոր գյուղ թաղամասի ուղղությամբ զինյալների արձակած ինքնաշեն հրթիռների պայթյունների հետևանքով 4 հայեր էին վիրավորվել, եղել էին նյութական լուրջ վնասներ։
Հալեպում խնդիր է շարունակվում լինել ջրի բացակայությունը։ Ավելի քան 1 ամիս առաջ պայթյունի հետևանքով շարքից դուրս եկած ջրամատակարարման ցանցը վերանորոգելը դժվար է շարունակվող բախումների պատճառով։ Քաղաքի ավելի քան 1 մլն բնակիչներ զրկված են մաքուր ջուր ունենալու հնարավորությունից։
Հալեպում հիմնականում օգտագործում են եկեղեցիների, մզկիթների, դպրոցների բակերում փորված հորերի ջուրը, որը, սակայն, խմելու համար այն պիտանի չէ և օգտագործվում է բացառապես կենցաղային նպատակներով։










