Ուկրաինայի արևելքում մարդկանց առևանգում ու կտտանքների են ենթարկում. Amnesty International

12:28 • 11.07.14

Հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին՝ տվյալներ հրապարակելով այդ երկրի արևելյան մասում մարդկանց առևանգումների ու տանջանքների ենթարկվելու վերաբերյալ։


Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, կազմակերպության կազմած զեկույցում ասվում է, որ բռնությունների են ենթարկվում ոչ միայն բողոքի ակցիաների մասնակիցները, այլև լրագրողները։ Ըստ փաստաթղթի հեղինակների՝ առևանգումների մեծ մասն իրականացնում են զինված անջատողականները, ովքեր դաժանաբար ծեծում ու տանջում են գերիներին։


Թեև իրավապաշտպանները տեղեկություններ ունեն նաև ուկրաինական իշխանությունների կողմնակիցների իրականացրած առևանգումների մասին, այնուհանդերձ, նրանց պնդմամբ, այդ դեպքերն անհամեմատ ավելի քիչ են։


Ըստ ՄԱԿ-ի տվյալների, անցած 3 ամսվա ընթացքում Ուկրաինայում գրանցվել է քաղաքացիների առևանգման 222 դեպք։ Երկրի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլից մինչ հունիս առևանգվել է 500 մարդ։