Ֆրանսիան չի կարող Ադրբեջանին զենք վաճառել, քանի որ որպես համանախագահող երկիր ունի կողմերին չզինելու պարտավորություն. Անրի Ռենո
ANS ֆրանսիական լրատվամիջոցի հրապարակումը, որն արտատպել են ադրբեջանական մի շարք կայքեր, որ Ֆրանսիան պատրաստվում է Ադրբեջանին զենիթ հրթիռներ մատակարարել, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հավանական չի համարում։
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առիթով հրավիրված ասուլիսին դեսպանը նախ նկատեց, թե ինքը նման տեղեկություն չունի, որ Ֆրանսիան սպառազինություն է վաճառում Ադրբեջանին կամ տարածաշրջանի որևէ երկրի և ապա նշեց, որ անհավանական է նման տեղեկությունը, քանի որ Ֆրանսիան հարգում է ստանձնած պարտավորությունը՝ զենք չվաճառել հակամարտող կողմերին։
«Նման բան լինել չի կարող, որովհետև, կարծում եմ, ինքին պարզ իրողություն է, որ Ֆրանսիան, որպես ԼՂ հակամարտության կարգավորման առաքելություն ստանձնած երկիր, չի կարող չհարգել կամ չպահպանել այն բոլոր դրույթները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի կամ հենց նույն ԵԱՀԿ-ի կողմից, և որոնք հետևյալն են՝ ձեռնպահ մնալ կամ կտրականապես մերժել այն գաղափարը՝ զենք կամ սպառազինություն վաճառել այնպիսի երկրների, որոնք գտնվում են հակամարտության մեջ»,-ասաց նա։
Դիտարկումը, թե այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը չի հետևում նման կոնվենցիային և զենք է վաճառում հակամարտող կողմերին, Անրի Ռենոն չմեկնաբանեց։ «Իմ իրավասության մեջ չի մտնում մեկնաբանել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերություները։ Ինքներդ շատ լավ գիտեք, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են և այդպիսի ստրատեգիական գործընկերության համատեքստում իրենք ունեն բոլոր միջոցները և գործիքները, յուրաքանչյուր անգամ իրենց հետաքրքրող հարցերը բարձրացնելու, քննարկելու և զարգացնելու համար»,-նշեց նա։










