Համանախագահող երկրները ուժի կիրառումից զերծ մնալու կոչը հասցեական չեն ուղղում դիվանագիտական կանոններից ելնելով. Անրի Ռենո
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առիթով հրավիրված ասուլիսին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն շարունակեց պնդել, թե որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան, հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը, կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող մեկնարկային փաստաթուղթը բոլորին հայտնի Մադրիդյան սկզբունքներն են, որոնց մեջ երեք կետեր են ներառված։ Այդ երեք կետերից մեկն է՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և ուժ կիրառման սպառնալիքից։ Ահավասիկ, այս պատճառով, սկսած 2009թ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները բարձրագույն մակարդակով կոչ են հնչեցրել երկու կողմերին՝ ձեռնպահ մնալ և հետևել Մադրիդյան սկզբունքներին»,-ասաց նա։
Tert.am-ի դիտարկմանը, թե ժամանակը չէ արդյո՞ք կոչ ուղղել ոչ թե կողմերին, այլ հասցեական, այն դեպքում, երբ համանախագահող երկրները մշտադիտարկումներից լավ էլ տեղյակ են, թե հակամարտող որ կողմն է ժամանակ առ ժամանակ խախտում հրադադարը և ռազմական գործողություներ հրահրում, դեսպանը պատասխանեց. «Ես հասկանում եմ Ձեր հարցը, բայց ասեմ, որ դիվանագիտության որդեգրած կանոնները մամուլի կանոնները չեն։ Ես կարող եմ խոսել միայն դիվանագիտական դիրքերից. դիվանագիտությունն իր առաքելությունը կյանքի կոչելու համար ունի հստակ կանոններ և հենց այս սահմանված կանոնները պահպանելով է, որ քաղաքական բարձրաստիճան այրերը, պաշտոնյաները նման կերպ են արտահայտում իրենց կարծիքը։ Այսինքն, բնականաբար սահմանված է հստակ խաղի կանոններ ընդունված բոլոր երկրների կողմից, որոնք մասնակցում են այս խաղին, այդ թվում նաև ԵԱՀԿ համանախագահող երկրները»,-նշեց նա։
Ամեն դեպքում դեսպանը հավատում է, որ կողմերը վերջապես կհանգեն խաղաղ լուծման տարբերակին, որովհետև ԼՂ հակամարտությունն այլընտրանքային լուծում չունի, քան խաղաղ կարգավորումն է։
Դեսպանն անդրադարձավ ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահներին արված՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկությունն իրականացնելու հեռանկարներին՝ նշելով, որ դրանց համար նպաստավոր պայմաններ են անհրաժեշտ, որի առկայության դեպքում, Ֆրանսիան կյանքի կկոչի իր առաջարկը։ Նշենք, որ Ֆրանսուա Օլանդը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկել էր Ֆրանսիայում հանդիպել և Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները վերսկսել։
«Ֆրանսիայի կողմից այս սատարումն արժանացավ տարբեր երկրների ինստիտուտների ներկայացուցիչների հավանությանը։ Ֆրանսիան ակնկալում է, որ բոլոր անհրաժեշտ պայմաններն ի մի բերվեն և հնարավորություն ընձեռվի առաջարկը կյանքի կոչել։ Բնականաբար, այն բանից հետո, երբ երկու կողմերն արդեն պատրաստակամություն կհայտնեն հանդիպելու, Ֆրանսիան իր առաջարկը կյանքի կոչելու բոլոր պայմանները կիրականացնի»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե համանախագահող կողմը՝ ԱՄՆ-ն, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վեց կետ էր ներկայացրել, որից մեկը՝ ԼՂՀ-ի 7 շրջանների վերադարձն էր, արդյո՞ք առաջարկությունն ամբողջությամբ ԵԱՀԿ համանախագահող երեք երկրների տեսակետն է, թե միայն ԱՄՆ-ինը, Անրի Ռենոն պատասխանեց. «Ցանկալի է, որ ցանկացած բանակցային գործընթաց, արգասաբեր լինելու համար, սկզբում լինի գաղտնի, չհրապարակված, և ես որպես Ֆրանսիայի դեսպան, որը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը, այս պահին ձեռնպահ եմ մնում այդ հարցին որևէ մեկնաբանություն տալուց»։
Դեսպանը նաև հավելեց, թե խնդրի կարևոր դերակատարությունը առաքելություն իրականացնող թիվ մեկ պաշտոնյայի՝ Ֆրանսիան ներկայացնող համանախագահի իրավասությունն է, այլ ոչ թե դեսպանի։










