ԱՆ տարբեր բուժհաստատություններ չեն ապահովում անվճար դեղեր ստանալու քաղաքացիների իրավունքը. ահազանգեր՝ Օմբուդսմենին
Առողջապահության ոլորտից ստացած Օմբուդսմենին ուղղված քաղաքացիների բողոքները կապված է դեղերի ոլորտի չարաշահումների հետ: Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններ՝ պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, չարաշահում են անվճար դեղերի տրամադրման իրենց պարտականությունը:
«Կա օրենք, իրավական ակտեր, կառավարության որոշումներ, հրամաններ՝ համաձայն որոնց սահմանվում է, որ մինչև յոթ տարեկան երեխաները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և այլ սոցիալական խմբեր պետք է օգտվեն անվճար դեղեր ստանալու իրավունքից, բայց գործնականում մենք ահազանգեր ենք ստանում, որ դա չի ապահովվում»,- ասաց նա:
ՄԻՊ տեղակալը նշեց, հաճախ մարդիկ տեղյակ չեն լինում անվճար դեղորայք ստանալու իրենց իրավունքից, իսկ բուժհաստատությունները չեն հայտնում այդ արտոնությունների մասին կամ ասում են, թե անվճար տրամադրվող դեղերն արդեն վերջացել են: Տաթևիկ Խաչատրյանն ասաց, որ երբեմն պետական գնումների գործընթացով ձեռք է բերվում անվճար դեղին անորակ փոխարինող, որը հիվանդների վրա վատ է ազդում: Ըստ նրա՝ խնդիրը օրենքի մեջ է:
«Այսինքն, երբ դեղերի գնման մրցույթ է հայտարարվում, հաղթում է առավել ցածր գին ներկայացրած դեղը և չնայած նախարարությունը պնդում է, որ այդ դեղերը հավասար արդյունավետություն ունեն, սակայն մյուս կողմից հիվանդներն ասում են, որ ավելի էժան դեղերը իրենց առողջության վրա ավելի վատ ձևով են ազդում և պետությունը գնման գործընթացով քիչ-քիչ գնում է դեղերի որակի իջեցում»,- ասաց նա:
Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ առավել ծանր հիվանդները՝ ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդիկ, մեծ դժվարությամբ են ստանում իրենց հասանելիք անվճար դեղորայքը: Նա ասաց, որ ահռելի հերթեր են գոյանում և հաշվի առնելով, որ հիվանդությունը կյանքի հետ է կապված, մարդիկ չեն կարողանում սպասել մինչ իրենց հերթը գա և ստիպված գնում վճարովի են այդ ծառայություններից օգտվում: «Նաև լսել ենք դեպքեր, որ դա կոռուպցիոն ռիսկեր է իր մեջ պարունակում, ինչ-որ մի գումարի դիմաց են մարդկանց տրամադրում անվճար ծառայությունները»,- ասաց նա:
Հարցին, թե նախարարության կողմից հովանավորչություն նկատում եք խախտումները ծածկելու առումով, և կան արդյոք պատասխանատվության ենթարկված դեպքեր, ՄԻՊ տեղակալը պատասխանեց.«Եղել են դեպքեր, երբ մենք դիմել ենք Առողջապահության նախարարությանը և կոնկրետ հիվանդանոցի անուն ենք տվել, երբ բժշկական ծառայությունների համար մինչև յոթ տարեկան երեխայից գումար են ուզել: Նախարարությունից ի պատասխան ասացին, որ միջոցներ են ձեռնարկվել և բժիշկներին զգուշացումներ են տրվել: Այսինքն՝ եղել են ոչ էական քայլեր, չի եղել լուրջ կարգապահական պատասխանատվություն: Նման քաղաքականությունը վտանգավոր է առավել ևս այն ոլորտում, որտեղ կա կոռուպցիոն ռիսկ: Պետք է պատասխանը շատ խիստ լիներ, որպեսզի հետագայում կանխվի բուժանձնակազմի կողմից նման խախտումները»:
Մեր զրուցակիցն ասաց, որ խնդիրը համակարգային է, և իրենք պարբերաբար ստանում են ահազանգեր: Ինչ վերաբերում է հարցին, թե նախարարի փոփոխությունից հետո նախարարության աշխատանքներում դրական միտում չի նկատվում, Տաթևիկ Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ էական փոփոխություններ կա, որովհետև ահազանգերը շարունակվում են»:










