Մերկելը խոստացել է աջակցել Մոլդովային Մերձդնեստրի շուրջ կոնֆլիկտում

14:13 • 11.07.14

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեին աջակցություն ցուցաբերել անջատողական Մերձդնեստրի շուրջ կոնֆլիկտում, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: «Ռուսաստանի Նախագահի հետ բանակցությունների ժամանակ ես կշարունակեմ աջակցել ողջամիտ կարգավորմանն ուղղված որոնումները»,- ասել է նա Բեռլինում Լյանկեի հետ բանակցություններից հետո հինգշաբթի օրը՝ հուլիսի 10-ին: 

Միևնույն ժամանակ կանցլերը բարձր է գնահատել Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին Մոլդովայի ձեռք բերած առաջընթացը: Նա տպավորիչ է անվանել այն, որ Քիշնևի խորհրդարանն արդեն վավերացրել է ԵՄ-ի հետ Մոլդովայի ասոցացման մասին պայմանագիրը, որը կնքվել էր ընդամենը հունիսի վերջին: Reuters գործակալությունը հիշեցնում է, որ Մոլդովայի կողմից Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագրի ստորագրումից հետո Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել մոլդովական մսային ապրանքների ներմուծման վրա՝ ի հավելումն մոլդովական գինիների նկատմամբ արդեն գործող էմբարգոյին: 

Մերկելը խոստացել է, որ Եվրամիությունը Մոլդովային կօժանդակի ռուսական պատժամիջոցների հետևանքները հաղթահարելու գործում: Միաժամանակ այն կոչ է արել Քիշնևին իրավական ոլորտում մասշտաբային բարեփոխումներ իրականացնել: