ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Օբաման առաջադրել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը

11:19 • 11.07.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը առաջադրել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Այդ մասին հաղորդում է asbarez.com-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:


Սենատի կողմից հաստատվելու դեպքում, Միլզը կփոխարինի ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնին:


«Ես երախտապարտ եմ, որ այս տպավորիչ անձինք որոշել են իրենց տաղանդը նվիրել ամերիկյան ժողովրդին ծառայելու նպատակին մեր երկրի համար այս կարևոր ժամանակներում: Ես անհամբեր սպասում եմ նրանց հետ աշխատել գալիք ամիսներին և տարիներին»,- հինգշաբթի օրն ասել է Օբաման Միլզի և դեսպանական պաշտոնների համար մյուս առաջադրվածների մասին:


Ռիչարդ Միլզը 2012 թվականից զբաղեցնում է Բեյրութի ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը: Նա աշխատել է ԱՄՆ պետդեպարտամենտում 1988 թվականից, աշխատել է Խորհրդային Միության բաժնում, ապա դարձել է նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի բաժնի պատասխանատուն, այնուհետև աշխատել է Ռուսաստանում Սանկտ-Պետերբուրգի ԱՄՆ-ի հյուպատոսությունում։


Միլզը տիրապետում է ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին:


Միլզի թեկնածության առաջադրման մասին նորությանն արձագանքել է ԱՄՆ ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնը:


«Ռիկին ասել եմ, որ եթե հաստատվի, դա աշխարհում լավագույն աշխատանքն է»,- Հեֆերնը գրել է Twitter-ի իր էջում: