ԵՄ-ի հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ այնքան է, որքան թույլ կտա ԵՏՄ-ի անդամակցությունը. Ֆրանսիայի դեսպան
Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն ունի այնքանով, որքանով դա թույլ կտա Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը և համահունչ կլինի Վիլնյուսում ԵՄ-ՀՀ համատեղ ընդունած հռչակագրին. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։
«ԵՄ-ի՝ ՀՀ-ի նկատմամբ ունեցած հետաքրքրությունն ավելի ֆորմալ իր արտահայտությունը տվեց անցյալ տարի նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովին ԵՄ-ՀՀ հռչակագրի ընդունման տեքստով և այդ ընդունված տեքստին համահունչ՝ շարունակում են գործընթացները Հայաստան-ԵՄ մակարդակով, բացի այդ, չմոռանալով Հայաստանի կայացրած որոշումը և ցանկությունն անդամակցել ԵՏՄ-ի»,-նշեց նա։
Դեսպանը նաև հավելեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության անդամ երկիր է և ստացել է բացառիկ հնարավորություն՝ օգտվել ոչ միայն եվրոպական փորձագետների խորհուրդներից, այլ նաև ստանալ ֆինանսական օժանդակություն։
«Այս քաղաքականության շրջանակում երևի թե Հայաստանը միակ երկիրն էր, որին տրվեց բացառիկ հնարավորություն, որովհետև Արևելյան գործընկերության շրջանակներում, որը ենթադրում էին որոշակի դեմարշներ կամ միջոցների ձեռնարկում Հայաստանի կողմից, այդ նպատակով Հայաստանին տրամադրվեց եվրոպական փորձագետների հոծ բանակի օժանդակություն։ Հայաստանն օգտվեց և շարունակում է օգտվել նաև ֆինանսական բավական զգալի օժանդակությունից»,-նշեց նա։










