Անհրաժե՞շտ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, և ի՞նչ արդյունք այն կտա. կարծիքներ

20:22 • 12.07.14

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն էր հայտնել Ֆրանսիայում կազմակերպել երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Արցախի հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ հավանական է այդ հանդիպումը կայանա, սակայն մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի այդ հանդիպումների արդյունավետությունը. «Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը արդյունք չի բերելու, սակայն այն ճանապարհը, որն ընտրել է հայկական դիվանագիտությունը, բացառում է հանդիպմանը չմասնակցելը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ տարիներ շարունակ ՀՀ-ի պասիվ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ցանկացած երկրի ցանկացած պաշտոնատար անձ մեզ թելադրում է, թե ինչպես պետք է զարգանան գործողությունները:


«Ինչ էլ որ ստորագրվի երկու պետությունների նախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, իրավական առումով առ ոչինչ է ԼՂՀ-ի ժողովրդի և իշխանության համար»,- ասաց նա: Հարցին, թե կարծում եք, որ ՀՀ իշխանությունները կստորագրեն այնպիսի բան, որը կհակասի ԼՂՀ ժողովրդի շահերին, նա պատասխանեց, որ եթե նախկինում մեր իշխանությունները նշում էին, թե Մադրիդյան սկզբունքները պարզապես սկզբունքներ են, հիմա բացեիբաց պնդում են, որ դրանք պարտադրանք են:


Ըստ նրա՝ այն ինչ տեղի է ունենում այսօր շահեկան չէ, ոչ միայն հայկական կողմի համար, այլ նաև տարածաշրջանի համար, որովհետև համանախագահների հայտարարությունները խթանում են Ադրբեջանի ագրեսիվությունը: Ներկայացնելով Մինսկի խմբի համանախագահների քայլերի տարբերությունը, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Մասնավորապես Ֆրանսիայի դիրքորոշումը կարելի է գնահատել որպես համաձայնողականություն բոլոր առաջարկությունների հետ, որոնք արվում են Ամերիկայի ներկայացուցիչների կողմից: Ռուսաստանը կարծես երկակի խաղի մեջ է մտել Ադրբեջանին զենք վաճառելով և ձևացնելով, թե Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Ամերիկան պարզապես վերցրել է նախաձեռնությունն իր ձեռքը և թելադրում է, թե ինչ պետք է տեղի ունենա տարածաշրջանում»:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների կողմնակից է: Նա թեև չի կարծում, որ հանդիպումից հետո լուրջ արդյունքներ կլինեն, բայց հանդիպումն ինքնին դրական երևույթ է համարում: «Ֆրանսիան ջանքեր է թափում, որ այդ հանդիպումը կազմակերպի, սակայն այն կախված է երկու երկրներից: Միշտ էլ Ադրբեջանն է հիմնական խոչընդոտ հանդիսանում, մեր նախագահը երբեք հանդիպումներից չի խուսափել»,- ասաց նա:


Ըստ նրա՝ համանախագահների հայտարարությունները սկզբունքային փոփոխություններ չեն կրել: «Մինսկի խումբը միշտ էլ նույն կերպ է վերաբերվել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, դա իրենց գործելաոճն է: Գուցե բանակցությունների շրջանում շեշտադրումներ արվում են, սակայն հայտարարություններում չեն արվում»,- ասաց նա: