Սխալ է ասել, թե անհրաժեշտ է վերականգնել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այն արդեն ճանաչված է. Ալ. Մանասյան
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, թե մեր քաղաքական այրերը ԼՂՀ հակամարտության հարցում սխալ շեշտադրում են անում: «Չպետք է ասվի, թե անհրաժեշտ է վերականգնել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Միջազգային իրավունքով բոլոր ժողովուրդներն ինքնորոշման անօտարելի իրավունք ունեն, և դա ոչ մեկից չի խլվել: Չի կարելի խնդիրը մի փոսի մեջ նետել, որից դժվար է հանել: Չի կարելի ասել, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից: ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչված է»,-ասաց նա և ավելացրեց, որ մենք պետք է պահանջենք, որ հարգեն ճանաչված իրավունքը:
Ալեքսանդր Մանասյանը կարծում է, թե Եվրամիությունը, թե Եվրասիական միությունը հավասարապես շահագրգռված են Հայաստանն իրենց թիմում ունենալու համար: Նա հիշեցրեց, որ ՀՀ իշխանություններն ասում են, թե մտնելով Մաքսային միություն՝ մենք չենք հրաժարվում Եվրոպայից: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցին, քաղաքագետն ասաց. «Միջազգայնորեն հնչեղություն պետք է տանք այն հարցին, որ ագրեսիվ պետությանը չպետք է ընդհանրապես զենք վաճառել»:
Անդրադառնալով սահմանի լարվածությանը, քաղաքագետն ասաց, որ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման նախօրյակին ադրբեջանցիները փորձում են լարվածություն մտցնել՝ որպես ճնշման միջոց: «Մեր ռեգիոնում պատերազմի հնարավորությունը ցածր է»,-ասաց նա և ավելացրեց, որ Ադրբեջանի քարոզչության համեմատ մեր քարոզչությունը թույլ է և չի համապատասխանում նետված մարտահրավերներին:










