Շումախերի կինը պատմել է, որ մարզիկի վիճակը գնալով լավանում է
Լեգենդար ավտոմրցարշավորդ, «Ֆորմուլա 1-ի» 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը գնալով բարելավվում է։ Ինչպես նշում է The Telegraph-ը, այս մասին հայտնել է նրա կինը՝ Կորինան։
«Թեև փոքր քայլերով, սակայն նա ապաքինվում է։ Նա այլևս կոմայի մեջ չէ, դա անչափ հուսադրող է»,-ասել է կինը, ով անցած տարվա դեկտեմբերին ամուսնու հետ պատահած դահուկային վթարից հետո առաջին մեկնաբանությունն է տվել։
45-ամյա Շումախերը 170 օր է անցկացրել ֆրանսիական Գրենոբլ քաղաքի հիվանդանոցում՝ երկրի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում գլուխը լուրջ վնասելուց հետո։ Անցած ամիս մարզիկին տեղափոխել են շվեյցարական Լոզան քաղաք։
Նշվում է, որ Շումախերը կոմայից դուրս գալուց հետո ի վիճակի է եղել պատասխանել կնոջ ձայնին։ Որոշ բժիշկների կարծիքով, Շումախերը մնացած ողջ կյանքի ընթացքում հաշմանդամ կմնա։










