Հրապարակայնորեն խոսք տվեք, որ էլ չեք լրտեսի. Գերմանիան՝ ԱՄՆ-ին

16:49 • 12.07.14

Գերմանիայի իշխանությունները պահանջել են ԱՄՆ-ից, որպեսզի այդ երկիրը հրապարակայնորեն խոսք տա, որ այլևս չի լրտեսի Գերմանիային, հայտնում է The Guardian-ը։ 

Բրիտանական պարբերականը նշում է, որ այս պահանջը Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կներկայացնի իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերիի հետ հանդիպման շրջանականերում։

«Լրտեսական վերջին սկանդալը ստվերել է ամերիկա-գերմանական հարաբերությունները։ Ուստի արտգործնախարարի ու ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպման հիմնական թեման հենց դա է լինելու։ Գերմանիային հարկավոր է, որպեսզի ԱՄՆ-ն հրապարակայնորեն խոսք տա այլևս երբեք նման բան չանել»,-անձի գաղտնիության հիմունքով The Guardian-ին ասել է բարձրաստիճան մի գերմանացի պաշտոնյա։

Հիշեցնենք, որ վերջերս Գերմանիայում ձերբակալվել էր հատուկ ծառայությունների 31-ամյա մի աշխատակից, ով ի վնաս սեփական երկրի հետախուզական տվյալներ էր փոխանցել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությանը։