Երևանի քաղաքապետն այցելել է ԼՂՀ Մարտունու շրջան

10:57 • 12.07.14

Արցախ կատարած պաշտոնական այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է ԼՂՀ Մարտունու շրջան: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի և Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերզամի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ է խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանին:

 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Երևանի քաղաքապետին է ներկայացվել նաև քաղաքի կենտրոնում գտնվող հանգստյան փոքրիկ գոտին, որը վերջերս է կահավորվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մհեր Խաչատրյանն իր և Մարտունու բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին խաղային ատրակցիոններ ու գեղարվեստական յուրօրինակ ձևավորմամբ նստարաններ նվիրաբերելու համար՝ ընդգծելով, որ լիարժեք հանգիստ կազմակերպելու համար քաղաքի այս հատվածում իսկապես ստեղծվել է հարմարավետ միջավայր:


Կարևորելով Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ ևս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն: Ի մասնավորի, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է Մարտունի քաղաքի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև արդեն իսկ ձևավորված համագործակցությունը` նկատելով, որ այն հետզհետե դառնում է օրինակելի: