Ում են իրենց ձայնը տալու հայերը Թուրքիայի նախագահի ընտրություններին. Արտակ Շաքարյան

15:43 • 13.07.14

Թուրքիայում օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում հայ համայնքը իր ձայնը նախ կտա «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ազգությամբ քուրդ համանախագահ Սելահեթդին Դեմիրթաշին, իսկ հավական երկրորդ փուլում՝ գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` բացատրելով, որ առաջին թեկնածուն փոքրամասնությունների թե՛ ազգային, թե՛ սեռական ու կրոնական, շահերն է պաշտպանում, սակայն երկրորդ փուլ անցնելու հնարավորություն չունի:


«Առաջին փուլի համար հայերի կողմից ձայն ստանալու տեսակետից ավելի ֆավորիտ է հենց քուրդ թեկնածուն: Նա հանդես է գալիս որպես փոքրամասնություն կազմող մարգինալ հատվածի ձայնը բարձրացնող: Ուստի շատ կարծիքներ կան, որ հայ համայնքը առաջին փուլում ձայնը տալու է հենց այս թեկնածուին` միայն թեկուզ ցույց տալու համար, որ այդ թեկնածուն ունի ընտրողներ: Բայց քանի որ պարզ է բոլորին, որ նա չի հավաքի այնքան ձայն, որպեսզի անցնի երկրորդ փուլ, երկրորդ փուլում` օգոստոսի 24-ին հայերի ձայները կգնան Էրդողանին»,-ասաց նա:


Թուրքագետն ընդգծեց, որ ներկայումս, չնայած Էրդողանի բացասական կերպարին, նա հայ համայնքի համար չարյաց փոքրագույնն է։ «Թուրքիայում կայանալիք ընտրություններում երրորդ թեկնածուն Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուն է: Նա «Իսլամական համագործակցության կոնֆերանսի» կազմակերպության նախագահն է եղել, որը հայտնի է իր հակահայկական դիրքորոշումներով ու որոշումներով, ազգայնական շարժման՝ «Գորշ գայլերի» և քեմալիստական ընդդիմադիր կուսակցության անդամ, որոնք երկուսն էլ ծայրահեղ հակահայկական են և երկուսն էլ հաղթանակի դեպքում թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի են խորացնելու: Ուզում եմ հիշեցնել, որ հենց իրենք էին իշխանության, երբ Արցախյան ազատամարտի ժամանակ Թուրքիան բացահայտ կերպով աջակցում էր Ադրբեջանին»,-ասաց նա:

Արտակ Շաքարյանն ընդգծեց, որ ինչքան էլ վարչապետ Էրդողանը խնդրահարույց ֆիգուր է, բայց միայն նրա օրոք «Հայոց ցեղասպանություն» բառը կարելի եղավ արտասանել, նույն էրդողանի ժամանակ ավելի մեծ իրավունքներ տրվեցին ազգային փոքրամասնություններին:


«Էրդողանի օրոք հայերի ազատությունները մի քիչ շատացել են, հայ լինելը, թերևս, դարձել է անվտանգ, պատրիարքարանի իրավասությունները համեմատաբար մեծացել են: Այս ամենը խոսում է այն մասին, որ Իհսանօղլուի ընտրությունը Թուրքիային կվերադարձնի դեպի 1970-1980-ակականներ, երբ հայերը ձգտում էին իրենց ազգանվան «յան» վերջավորությունը ջնջել, երբ հայերը թաքցնոմ էին ազգությունը, իսկ այսօր Էրդողանի օրոք շատ գաղտնի հայեր բացահայտում են իրենց: Իհարկե, չենք կարող նրա մասին խոսելիս ասել, որ ավելի լավն է, որովհետև ամեն դեպքում թուրք պետության ղեկավարը չի կարող լինել հայասեր, քանի որ պետք է ընդդեմ հայերի աշխատի, որպեսզի ձայն հավաքի, բայց չարյաց փոքրագույնը հենց նա է»,-ասաց նա:


Հարցին, թե թեկնածուները ինչ-որ ծրագրեր ներկայացրե՞լ են, որոնք վերաբերում են հենց հայերին, ինչ-որ խոստումներ տալիս են հայերին, պատասխանեց.«Իհարկե այս կամ այն ուղղվածության կան փոքր ծրագրեր, բայց ամեն դեպքում արժե հիշեցնել, որ հայերի ձայնը շատ մարգինալ է, շատ փոքր է, մոտավորապես 0.01% ուժ ունի և որևէ կերպ որոշիչ չէ: Ուստի չի կարելի ակնկալել որևէ էական հատուկ գիծ հայերի համար, օրինակ՝ ինչպես դա լինում է Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում: Եթե որևէ թեկնածու խոստումներ տա հայերին, դրանով իզուր տեղը ազգայնական թուրքերին կբևեռի սեփական անձի վրա, ինչը որևէ թեկնածուի անհրաժեշտ չէ»,- ասաց նա: