Թբիլիսիում տեղի է ունեցել Էդուարդ Շեվարդնաձեի հուղարկավորությունը
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի մարմին այսօր` հուլիսի 13-ին, զինվորական պատիվներով հողին են հանձնել նրա տան բակում, որտեղ մի քանի տարի առաջ ամփոփվել է նրա կնոջ` Նանուլի Շեվարդնաձեի աճյունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախկին նախագահի հուղարկավորության արարողությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, այդ թվում` ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Հուղարկավորության արարողության ժամանակ ընթերցվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի ցավակցական ուղերձը, ով բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում և չի կարողացել մասնակցել նախկին նախագահի հուղարկավորությանը:
Էդուարդ Շեվարդնաձեն մահացել է հուլիսի 7-ին, 86 տարեկանում:










