Քարվաճառի դիվերսիոն գործողությունը մեկ պատասխան ունի. համապատասխան մարդիկ տեղում չեն եղել. Սարգիս Հացպանյան

19:30 • 13.07.14

Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած վերջին դիվերսիոն գործողությունները ցույց են տալիս, որ բոլորն այսօր զգաստանալու կարիք ունեն: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախյան ազատամարտի մասնակից, ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը և նշեց, որ ինքներս մեզ պետք է հարց տանք՝ այս ի՞նչ է կատարվում և ինչքա՞ն պետք է շարունակվի:
 

«Վերջերս պաղեստինցիները իսրայելցի մի երեխայի են սպանել, որին անմիջապես հետևեց Իսրայելի հակագործողությունները, և արդեն 60-ից ավելի մարդ է զոհվել պաղեստինցիներից: Ադրբեջանցիների մի դիվերսիոն գործողություններից անմիջապես հետո մեր պատասխանը պետք է լինի ու այնպես, որ հաջորդ անգամ զգույշ լինեն: Սա է հենց զինվորականությունը, սա դիվանագիտություն չէ: Եթե նրանք մեզ ցավեցնում են, մենք էլ պետք է անենք»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Քարվաճառի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն գործողություններ է իրականացրել: Արդյունքում հայկական կողմից զոհվել է մեկ սպա, վիրավորվել բնակիչներից մի կին, հակառակորդը ևս զոհեր է տվել, իսկ նրանցից մեկը ձերբակալվել է հայկական զինված ուժերի կողմից:


Սարգիս Հացպանյանը, ով Արցախյան ազատամարտի ժամանակ հիմնականում մասնակցել է Քարվաճառում ընթացող մարտերին, նշեց, որ այս տարածքի հայկական դիրքերն այնպես են տեղaկայված, որ ճանճ անգամ չի կարող ներս մտնել ու զինված ուժերը տեղյակ չլինեն:


«Հատկապես 21-րդ դարի անվտանգության համակարգի գոյության պայմաններում որևէ մեկը չի կարող անցնել սահմանը, և զինվորները չիմանան: Օրինակ՝ եթե կով անցնի համակարգը միանում է և կոնկրետ տեղը ցույց է տալիս, որտեղ շարժ կա: Սիգնալիզացիայի համակարգն է ուղղակի ավելի զարգացած: Նման տեխնիկայով օժտված բանակը սահման է պահում, և մարդը զենք զինամթերքով թափանցում է թիկունք ու անցնում հասնում խաղաղ բնակչության մոտ: Սա ունի մեկ պատասխան, որ համապատասխան մարդիկ տեղում չեն եղել, եթե տեղում լինեն, նման բան չի կարող լինել»,-ասաց նա:
Սարգիս Հացպանյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող էր հակառակորդի սահմանից որևէ մեկը ոչ միայն անցներ սահմանը, այլև հասներ մինչև գյուղ և առևանգեր տղաներից մեկին:


«Սա մեծ անհաջողություն է այն բանի համեմատ, որ մերոնք հայտարարում են, թե դիվերսանտներից գերի են վերցրել: Ուզում եմ ընդգծել, որ այսօր խնդիրը մեր զինվորների մեջ չէ, ներքևում գտնվող օղակը չէ, այլ նրա վերադասը: Ինչպես ասում են՝ վատ զինվոր չի լինում, վատ հրամանատար է լինում: Եթե Լեոնիդ Ազգալդյանը կենդանի լիներ ու շարունակեր վերահսկողությունը այդ տարածքում, ես բացառում եմ, որ որևէ մեկը կարողանար ներթափանցել մեր սահման»,- ասաց նա:


Հարցին, թե հնարավոր պատերազմի դեպքում, ինքը կրկին կմեկնի ճակատ՝ կռվելու հայրենիքի համար, պատասխանեց. «Ինչպես կարող եմ չգնալ, հայորդիները մի մարդու պես կգնան, Արցախյան ազատամարտի միջով անցած մեր սերունդը, բարեբախտաբար, կենդանի է, ու նրանց որդիներն են բանակային տարիքի: Վստահ եմ, որ այդ սերունդը, որ ծանր տարիներ են ապրել, կգնան ու կհաղթահարեն, ցանկացած հարձակում, ցանկացած ժամանակ կարելի է հակադարձել 4 անգամ ուժեղ, քան ադրբեջանցիները կպատկերացնեն»,- ասաց նա: