Էներգացանցերը պարտավոր են վերանորոգել հոսանքի տատանման դեպքում շարքից դուրս եկած սարքերը. Ա. Պողոսյան
Էներգացանցերը պարտավոր են սեփական միջոցներով վերանորոգել հոսանքի տատանման դեպքում շարքից դուրս եկած կենցաղային սարքը, իսկ եթե դա անհնար է՝ փոխհատուցել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ» Արմեն Պողոսյանը:
«Իրենք պատասխանատու են, բայց դա պետք է ապացուցել: Իսկ ապացուցելը շատ հեշտ է, զանգարահում ես, լինի գիշեր, թե ցերեկ, իրենք ունեն հերթապահություն, իրենց մոտ երևում է՝ որտեղ են տատանումներ եղել: Քայլ երկրորդ՝ եթե ՀԷՑ-ը համաձայն չէ, ապա անհրաժեշտ են նաև հարևանների վկայությունները, որ իրենց մոտ էլ ինչ-որ բան եղել է»,-նկատեց սպառողների իրավունքներով զբաղվող կազմակերպության նախագահը:
Նկատենք, որ վերջին շրջանում ՀԷՑ-երը շատ անսպասելի, օրը մի քանի անգամ կարող են անջատել հոսանքը, և շատ քաղաքացիներ տարակուսում են, թե եթե հեռուստացույցը կամ սառնարանը փչանա, ապա ո՞վ է փոխհատուցելու:
Արմեն Պողոսյանը հավելեց, որ միայն մեկ անգամ է եղել, որ բանը հասել է դատական պրոցեսին:










