Ավակովը Մայդանը Ռուսական Դաշնային անվտանգության բյուրոյի նախագիծ է անվանել

09:08 • 14.07.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Մայդանում տեղի ունեցող ակցիաներն անվանել է «Դաշնային անվտանգության բյուրոյի և լուսանցքային կուսակցությունների նախագիծ»։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին նա հայտարարել է երեկ՝ ուկրաինական ТСН հեռուստաընկերության եթերում։


«Այն, ինչ այժմ տեղի է ունենում Մայդանում, դա նրա գաղափարի վարկաբեկումն է, դա Ուկրաինան վաճառել է նշանակում։ Կենտրոնանալ անհասկանալի, ոչ համակրելի, մութ մարդկանց շուրջը, դա ռուսական Դաշնային անվտանգության բյուրոյի և անցյալում մնացած կուսակցությունների նախագիծն է»,- ասել է նա։


Նա նշել է, թե ՆԳՆ-ն ունի այն մարդկանց տվյալները, որոնք «հակաօրինական գործունեություն են իրականացրել և թաքնվում են Մայդանում»։ Ավակովը խորհուրդ է տվել լքել Կիևի կենտրոնը, զենք վերցնել և մեկնել ճակատ։


Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը հավելել է, թե իրենք նախագիծ են մշակել՝ «այդ ամոթին վերջ տալու համար»։


Կիևի կենտրոնում վրանային ճամբար էր տեղադրվել դեռևս 2013թ.-ի նոյեմբերին՝ երկրի եվրաինտեգրացիայի կողմնակիցների կողմից։ Եվրամայդանի հաղթանակից և նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից հետո, սակայն, ակտիվիստների մի մասը չլքեց հրապարակը։