ԵՄ մի շարք երկրներ դեմ են, որ Քեթրին Էշթոնին փոխարինի Իտալիայի ԱԳ ղեկավարը
Եվրամիության մի շարք երկրներ փորձում են թույլ չտալ Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի սպասվող նշանակումը արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարի պաշտոնում, այս մասին տեղեկացնում է Financial Times-ը:
«Ֆեդերիկա Մոգերինիի նշանակման դեմ արշավը տանում են Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լեհաստանը: Նրանք կարծում են, որ Իտալիան բավականաչափ կոշտ չի պահում իրեն Ռուսաստանի նկատմամբ»,- նշում է թերթը:
Ըստ պարբերականի՝ այդ խմբի ջանքերը այժմ ստանում են ռազմավարական աջակցություն այն ԵՄ պետությունների կողմից, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների օգտին:
2009 թվականից եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Քեթրին Էշթոնին հաջորդողի թեկնածությունը պետք է հայտարարվի այս շաբաթվա ընթացքում՝ ԵՄ վեհաժողովի աշխատանքների արդյունքներով:










