Իտալիային մեղադրում են ՌԴ–ի դեմ խիստ պատժամիջոցներն արգելափակելու համար

10:00 • 14.07.14

Իտալիային մեղադրում են Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցներն արգելափակելու համար, գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրոպական Միությունը պաշտոնապես հայտարարել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ 11 անձանց պատժամիջոցների ցանկում ընդգրկելու մասին: Աղբյուրի խոսքով՝ «առաջին իսկ օրվանից ակնհայտ է եղել, որ (իտալացիները) պատրաստվում են ծայրահեղ դիրքորոշում ունենալ»:


Ինչպես հիշեցնում է թերթը, իտալական ընկերությունները, ինչպես և գերմանականները, վաղեմի կապեր ունեն Ռուսաստանի հետ: Մոսկվայի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ հայտարարել ցանկացող կառավարությունների դիվանագետները մեղադրում են Հռոմին, որ նա պաշտպանում է իտալական բիզնեսի շահերը։


Առաջատար իտալացի պաշտոնյաները հերքում են նման հայտարարությունները, նշում է թերթը: Բարձրաստիճան աղբյուրներից մեկը պնդում է, որ անցած ուրբաթ օրը Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոսել է տվյալ հարցով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և հայտարարել, որ իտալական դիրքորոշումը համապատասխանում է Բեռլինի և Փարիզի դիրքորոշմանը:


«Երեք ժամ տևած բանակցություններից հետո մենք միաձայն, ես ուշադրություն եմ հրավիրում «միաձայն» բառի վրա, համաձայնեցինք պատժամիջոցների ցանկում ընդգրկել 11 անուն»,- ասել է իր հերթին ԵՄ-ում Իտալիայի դեսպան Ստեֆանո Սանինոն: