Կրեմլը քննարկում է Ուկրաինային տեղային հարվածներ հասցնելու հնարավորությունը

09:26 • 14.07.14

Մոսկվան քննարկում է ուկրաինական բանակին «ճշգրիտ պատասխան հարվածներ» հասցնելու հնարավորությունը, եթե Ռուսաստանի տարածքի գնդակոծությունը շարունակվի. այդ մասին kommersant.ru-ին հայտնել են Կրեմլի աղբյուրները։


Ռուսական իշխանությունները, ինչպես նշել է աղբյուրը, «հստակ գիտեն» թե որտեղից է կրակ բացվել։ «Մեր համբերությունն անսահման չէ»,- հայտարարել է աղբյուրը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե լայնամասշտաբ գործողության, այլ առանձին հարվածների մասին է այն վայրերի ուղղությամբ, որտեղից կրակ է բացվել։


Ավելի վաղ Ուկրաինային հարվածներ հասցնելու առաջարկությամբ էր հանդես եկել Դաշնային խորհրդի փոխխոսնակ Եվգենի Բուշմինը։ «Պետք է այնպես անենք, որ եթե դա հրետանային սարքավորում է եղել, ոչնչացվի։ Պետք է հանրայնացնել այն փաստը, որ ցանկացած հարված ընդդեմ Ռուսաստանի, պատասխան է ստանալու»,-ասել էր նա։


Հուլիսի 13-ին Ռոստովի իշխանությունները հայտարարել էին, որ տարածքում ուկրաինայի կողմից արձակված արկ է պայթել, ինչի հետևանքով զոհվել է մեկ տղամարդ, երկու կին վիրավորվել է։