Այս ադրբեջանցիները պետք է դատվեն իբրև քրեական հանցագործներ՝ հանցագործության վայրի դատարանների կողմից. իրավապաշտպան

21:41 • 14.07.14

Վերջին օրերին Հայաստան ներխուժած և մեր տարածքում քրեական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների պարագայում հստակ գործ ունենք ոչ թե ռազմագերիների, այլ ծանր հանցագործություն գործած անձանց հետ, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն այն վայրի դատական ատյանների կողմից, որտեղ գործել են հանցագործությունը:


Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ:
 

«Ավելին՝ ես ժամանակին մի քանի անգամ եմ ասել, որ երբ չկան ռազմական գործողություններ ու մենք սահմանը խախտած մարդկանց անվանում ենք ռազմագերի, դա ավելի քան պայմանական է: Մենք նրանց այդպես ենք կոչում, որովհետև մենք չունենք խաղաղության մասին պայմանագիր: Միաժամանակ, մենք չունենք հայտարարված որևէ պատերազմական գործողություն»,- ասաց Լարիսա Ալավերդյանը և ավելացրեց. «Սա է պատճառը, որ ժամանակին մեր կազմակերպությունը տարբեր քննարկումների ժամանակ առաջարկել է նրանց անվանել ՝ սահմանախախտ անձինք: Եվ տվյալ դեպքում սահմանախախտը կարող է որևէ մի այլ հանցագործություն չկատարել, ինչպես տեղի է ունեցել բազմաթիվ անգամներ, լինի՝ Հայաստանի կամ Ադրբեջանի քաղաքացիների դեպքում, և կարող է գործել, ինչպես տեղի է ունեցել այս անգամ»:


Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, որ վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները մեղադրվում են պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն և սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր և քրեական օրենսդրությամբ նախատեսված այլ արարքների համար:


Լարիսա Ալավերդյանը հիշեց, որ տարիներ առաջ՝ 1995-1996թթ., քրեական հետապնդման ենթարկված ադրբեջանական մի խմբի դատավարություն եղել է: «Էլի դաժան հանցագործություն էին գործել, այն ժամանակ սպանել էին ոչ թե մեկ հոգու, այլ երեք և նրանք էլի դատվեցին որպես քրեական հանցագործներ: Ճիշտ այնպես, ինչպես Ռամիլ Սաֆարովը՝ Հունգարիայում, որտեղ գործել էր իր հանցագործությունը, կացնահարել հայ սպային»,-մանրամասնեց Լարիսա Ալավերդյանը: