Եթե պարզվի, որ նրանք դիվերսանտ չեն, ավելի վատ մեզ համար. Մանվել Եղիազարյան
Պատերազմ սկսելը հեշտ է, իսկ հետևանքների համար պատասխան տալը՝ դժվար, նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գիտակցում է, որ ինքը ոչ լեգիտիմ նախագահ է և պատերազմ սկսելու դեպքում կկորցնի ամեն ինչ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Պատերազմը իրականում վաղուց է սկսվել, ուղղակի չեն ասում՝ «առաջ»: Բայց եթե հանկարծ սկսվի ավելի մեծ թափով, այն երկար չի տևի՝ առավելագույնը մեկ ամիս, որովհետև միջազգային հանրությունը թույլ չի տա Ադրբեջանին իրար խառնել Կովկասը: Բայց մենք հենց այս տարածաշրջանում ենք ապրում, նշանակում է՝ զենքը միշտ ձեռքներիս պետք է լինի: Մենք չենք կարող առանց զենքի մեր անվտանգությունը պահպանել: Պատերազմը խելագարների զբաղմունքն է, բայց առանց դրա հնարավոր չէ»,-ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով՝ ինչի՞ հետևանք է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հաճախակի իրականացվող դիվերսիոն գործողությունները, պատասխանեց. «Եթե մեր սահմանը կարողանում են անցնել, ուրեմն մի բան այն չենք անում, պետք է ավելի լավ պաշտպանել դիրքերը: Իսկ ստեղծված խուճապի համար իշխանություններն են պատասխանատու, որ հաճախ լիարժեք ինֆորմացիա չեն տալիս: Բայց եթե հանկարծ պարզվի, որ նրանք դիվերսանտ չեն, ավելի վատ մեզ համար, նշանակում է՝ ով ուզենա կարող է անցնել մեր սահմանը, իսկ ո՞ւր են զինվորները»:
Մանվել Եղիազարյանն ընդգծեց, որ այսօր Հայկական բանակը պետք է մի քանի անգամ ուժեղացնի իր դիրքերը, որպեսզի նախ զինվոր չզոհվի:










