Դուբայի դատարանը Մարադոնայի նախկին ընկերուհուն ձերբակալելու օրդեր է տվել
Դուբայի դատարանը մոդել Ռոսիո Օլիվային ձերբակալելու օրդեր է տվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Մոդելը ձերբակալվելու է նախկին սիրեցյալի՝ արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի իրերը գողանալու մեղադրանքով։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե 53-ամյա Մարադոնան բաժանվել է 24-ամյա մոդելից։ Արգենտինացին նախկին ընկերուհուն մեղադրել էր գողության մեջ։
Նրա խոսքով, Օլիվան, որն իր հետ որոշ ժամանակ բնակվել է Դուբայի իր տանը, պարբերաբար իրենից թանկարժեք իրեր է գողացել։
Նշվում է, որ մարտի 10-ին Դուբայի գլխավոր դատախազությունը Մարադոնայից բողոք էր ստացել։ Ֆուտբոլիստը հայտարարել էր, որ Օլիվան իրենից ժամացույցներ և ոսկյա իրեր է գողացել՝ հարյուր հազարավոր դոլարներ արժողությամբ։
Օլիվան ինքը բազմիցս հայտարարել էր, թե որևէ կապ չունի թանկարժեք իրերի անհետացման հետ։










