Անգելա Մերկելը հերքել է լուրերը, թե վաղաժամ հրաժարական է տալու
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր չէ վաղաժամ հրաժարական տալ: Կիրակի օրը երեկոյան Գերմանական հասարակական-իրավական հեռուստատեսության երկրորդ հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցում Մերկելը հայտարարել է, որ կզբաղեցնի Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը մինչև 2017 թվականին լիազորությունների ժամկետի ավարտը, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Ցանկություն կա լավ աշխատել ողջ ընթացիկ օրենսդիր մարմնի ընթացքում, իսկ այնուհետև կտեսնենք»,- ընդգծել է նա:
Այդկերպ՝ կանցլերը հերքել է մի շարք ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը իր վաղաժամ հրաժարականի մասին:
Մերկելը նաև բացասական է պատասխանել հարցին, թե արդյո՞ք նա մտադիր է զբաղեցնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Նման բան հաստատ տեղի չի ունենա»,- ասել է կանցլերը:
Հարցին, թե ինչ կցանկանար ինքն իրեն ծննդյան օրվա կապակցությամբ, Մերկելն ասել է, որ կցանկանար «մնալ առողջ և ի վիճակի լինել անել այն, ինչ հաճույք է պատճառում»:










